Վրացի ընդդիմադիր գործիչ Ջոնդի Բագատուրիան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության կազմը սահմանել է իր նախորդի՝ «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ճնշման տակ:
Ղարիբաշվիլին անցյալ շաբաթ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է «Իբերիա» ավտոմոբիլային ընկերության նախագահ Տարիել Խիչիկաշվիլիին, բնական պաշարների և բնապահպանության նախարարի պաշտոնում՝ խորհրդարանի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիգլա Ագուլաշվիլիին, իսկ որպես պաշտպանության նախարարի թեկնածու նպատակահարմար է համարել առաջադրել Վրաստանի խորհրդարանի նախագահի կնոջը՝ խորհրդարանի եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Թինա Խիդաշելիին: Մյուս նախարարությունների ղեկավարներին Վրաստանի վարչապետը նախընտրել է թողնել անփոփոխ:
«Միանշանակ, ակնհայտ է, որ վարչապետն ազդեցության տակ էր․․․ Եվ ազդեցություն գործում էր Սահմանադրությամբ կարգավիճակ չունեցող անձը», - «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է ընդդիմադիր գործիչը:
Բագատուրիան նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին կոչ է արել խորհրդարանի հաստատմանը չներկայացնել վարչապետի առաջարկած կառավարության կազմը:
Վրաստանի նախագահը ուրբաթ օրը հրաժարվել է հավանության արժանացնել կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկը՝ հայտարարելով, որ հարկ է վարչապետին ու խորհրդարանին ժամանակ տալ տվյալ հարցի շուրջ մանրամասն մտորելու համար: Ավելի ուշ Ղարիբաշվիլիի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետը հստակ կողմնորոշվել է, և նրա աշխատակազմը պատրաստ է ավարտին հասցել կառավարության ձևավորման գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետներում:
Կառավարության վստահության հարցն առաջացավ ապրիլի 29-ին, երբ հրաժարական տվեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը: Ըստ Վրաստանի Սահմանադրության, 20 նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն․ վերջին 10 ամսում հրաժարականի դիմում են ներկայացրել կառավարության 7 անդամներ: