Մատչելիության հղումներ

Ապրիլի 22-24-ը իրականացված բոլոր միջոցառումները «ամբողջովին ծառայել են իրենց նպատակին»


Ապրիլի 22-24-ը իրականացված բոլոր միջոցառումները «ամբողջովին ծառայել են իրենց նպատակին»
please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00

Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանն այսօր Մատենադարանում հրավիրված ասուլիսում ամփոփեց հանձնաժողովի՝ ցայսօր կատարած աշխատանքը:

«Մեր ձայնը, մեր բարձրացրած խնդիրները, իրազեկման խնդիրը, որ դնում էինք մեր առջև, կարծում եմ, լիարժեքորեն կատարվել է», - հայտարարեց նա:

Ապրիլի 22-24-ը ծրագրված և իրականացված բոլոր միջոցառումները, կազմկոմիտեի գնահատմամբ, ամբողջովին ծառայել են իրենց նպատակին․ - «Առաջին հերթին դա միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր, Հայոց ցեղասպանության խնդիրը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ավելի ընդհանրական համատեքստում ներկայացնելը և հանրային կարծիքը մոբիլիզացնելն էր: Բոլորը արձանագրեցին, որ իրականում միջազգային հանրության ձայնը այդ օրերին շատ լսելի դարձավ, և ցեղասպանության հանցագործությունը, որը, ցավոք սրտի, մեր օրերում էլ արդիական հանցատեսակ է, իրոք դարձավ միջազգային լրատվամիջոցների և միջազգային ուշադրության կենտրոնական մի խնդիր»:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվելու են ողջ 2015 թվականի ընթացքում և ոչ միայն Հայաստանում: Նա փոխանցեց, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ ներկա գտնվելու Վաշինգտոնի Մայր տաճարում տեղի ունենալիք էկումենիկ պատարագին, որին մասնակցելու են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Անցկացված և անցկացվելիք միջոցառումների շարքում մեծ տեղ ունեն մշակութային ձեռնարկները: Ասուլիսին բանախոսում էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Արդեն կայացածներից նա առանձնացրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը Երևանում, որին հաջորդեցին բազմաթիվ ծրագրեր ամբողջ աշխարհում․ - «Որպես հայ մշակույթի միջազգային ճանաչելիության հարթակ, հաջորդը այդ շարքում Վենետիկի բիենալեն է, որը բացվում է վաղը: Հայկական տաղավարը կոչվում է «Հայություն», և այդ տաղավարում ներգրավված են 18 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ֆինանսավորվել են ոչ թե պետական բյուջեից, այլ մեկենասների, հովանավորների կողմից: Նրանց անունները հրապարակվելու են տարեվերջին:

«Բոլոր ծրագրերը ունեն իրենց հետևում կանգնած իրոք հարգանքի և երախտագիտության արժանի անհատների, ովքեր մեկ խոսքով, մեկ զանգով, մեկ միջնորդությամբ արձագանքեցին պետական հանձնաժողովի կոչին, և յուրաքանչյուրը ստանձնեց մի ծրագիր կամ մի ուղղություն՝ սկսած գրահրատարակչությունից, որ ամբողջությամբ մեկ հովանավորի ջանքերով է իրականացվում, մինչև կինոարտադրություն», - ասաց նա:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ովքեր են ֆինանսավորել գրահրատարակչությունն ու կինոարտադրությունը, Սարգսյանն ասաց․ - «Կինոարտադրության ամբողջ փաթեթը ստանձնել է պարոն Սամվել Ալեքսանյանը: Գրահրատարակչության ոլորտը այս պահին վերջնականացվում են բանակցությունները, դրա համար չեմ հրապարակի անունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG