Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ, ապա Ռուսաստանի Դաշնություն


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է նաև նրա հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:

Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին նա Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG