Մատչելիության հղումներ

Համայնքների խոշորացումը՝ «ինքնանպատակ գործընթաց»


Հայաստանյան գյուղ, արխիվ
Հայաստանյան գյուղ, արխիվ

«Այսօրվա որևէ խնդիր չի լուծվում, էլ չասած՝ վաղվա համար», - ընդգծում է ՀԱԿ անդամ տնտեսագետը:

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր լսումներ են՝ համայնքների խոշորացման թեմայով:

Կառավարությունը պատրաստվում է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ միավորել։ Ծրագիրը դեռ փորձնական է, հաջողելու դեպքում Կառավարությունը մտադիր է շարունակել խոշորացման ծրագիրը:

Ինքնուրույն համայնքի կարգավիճակը կորցնելու հեռանկարի առջև կանգնած գյուղերը հիմնականում դեմ են խոշորացմանը: Շատերի կարծիքով՝ առանց այդ էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակավայրերում աշխատատեղերը կպակասեն, խնդիրները՝ կավելանան։

Համայնքների խոշորացման ծրագիրը վտանգավոր է համարում նաև Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունը՝ կոչ անելով երեք մարզերի բնակիչներին մայիսի 17-ի հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել այս ծրագրին:

ՀԱԿ-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հայեցակարգին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ այս ծրագիրը տեղական ինքնակառավարման և բնակավայրերի զարգացման հետ որևէ կապ չունի: Ավելին՝ Խաչատրյանը վստահ է՝ համայնքների խոշորացման հետևանքով դրանցից շատերը պարզապես կդատարկվեն, արտագաղթը նոր թափ կստանա:

«Դա ամենամեծ սխալը կլինի և հետագայի համար շատ վտանգավոր քայլ կլինի, հատկապես այս արտագաղթի հետ կապված: Այսօրվա պատերազմական վիճակում գտնվելով՝ պայմաններ կստեղծվի, որ սահմանային այն գյուղերը, որոնք դատարկվում են, հիմա ավելի շուտ կդատարկվեն, որովհետև, ի վերջո, այդ սահմանային գյուղերը չեն դառնա համայնքային կենտրոններ, և մարդիկ այդ գյուղերից կտեղափոխվեն համայնքային կենտրոններ․ Խորհրդային Միության փորձը դա է ցույց տալիս», - ընդգծեց Խաչատրյանը:

Պետությունը 45 միլիոն դրամ է նախատեսել երեք մարզերում քվեարկություններ կազմակերպելու համար, այն դեպքում, երբ տեղական հանրաքվեն պարզապես խորհրդատվական նշանակություն է ունենալու: Այսինքն, համայնքի բնակիչների՝ քվեարկությամբ արտահայտված կարծիքը իրավական ուժ չի ունենալու: Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ սա առհասարակ անհասկանալի մոտեցում է:

Կառավարության ներկայացուցիչները խոշորացումից տնտեսական օգուտներ են ակնկալում: Մասնավորապես, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ավելի վաղ ասել էր, թե գյուղապետարանների ուռճացված աշխատակազմը կկրճատվի՝ հանուն գյուղի ու գյուղացիների։ «Երեք ոչ մի բան չանող հաստիքի փոխարեն մենք առաջարկում ենք այդ գումարները ուղղել մի հաստիքի», - ասել էր փոխնախարարը:

Մինչդեռ հայեցակարգին ծանոթ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը տնտեսական չնչին օգուտներ է կանխատեսում: «Իրենց հիմնավորումների մեջ այդ տնտեսական էֆեկտը, որը վերաբերում է՝ հաստիքների կրճատում, դրանից ինչ-որ գումարների խնայողություն, իրենք էլ են նշում՝ Կառավարությունը, որ դրա համար չի արվում, որովհետև դա շատ չնչին է լինելու, որևէ նշանակություն չի ունենալու համայնքների զարգացման համար», - ասաց նա:

Հարցին, թե «այդ դեպքում՝ նպատակը ո՞րն է», տնտեսագետը արձագանքեց․ - «Այ, հենց խնդիրն այդ է, որ իրենք էլ չեն ներկայացնում ու որևէ հարցադրման դեպքում էլ դրան պատասխան չկա: Բայց, փաստորեն, ինքնանպատակ գործընթաց է գնում, իսկ այսօրվա որևէ խնդիր չի լուծվում, էլ չասած՝ վաղվա համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG