Մատչելիության հղումներ

Հալեպահայ կին. «Արդյո՞ք գիտեն, արդյո՞ք կզգան, որ երկրորդ ջարդ ենք ապրում Հալեպում»


Հալեպում հայկական Քառասուն մանկանց եկեղեցու ավերակները
Հալեպում հայկական Քառասուն մանկանց եկեղեցու ավերակները

Անցած գիշեր Հալեպի` առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ջդեյդե թաղամասը կրկին հրթիռակոծվել է։

Անցած ողջ գիշեր Հալեպի` առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ջդեյդե թաղամասի և հարակից տարածքների հրթիռակոծումները շարունակվել են:

Նախորդ շաբաթ քաղաքի այս հատվածում պայթեցվել էր հայկական Քառասուն մանկանց եկեղեցին: Ջդեյդե թաղամասին մոտ բնակվող Մայդա Բակկալյան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պայթյունների և գնդակոծումների պատճառով վախենում են փողոց դուրս գալ: Երկու օր է խափանվել է նաև ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։

«Ամեն վայրկյան վախի և վտանգի մեջ ենք, աղջիկս։ Չեմ կարողանում, ուզում եմ դուրս գալ, վիճակը շատ վատ է։ Իմ տնից 100 մետր այն կողմ գիշերը տակնուվրա են արել», - ասաց Պատկալյանը։

Նրա աղջիկներն ամիսներ առաջ Շվեդիա են տեղափոխվել, Հալեպում միայն ինքն ու ամուսինն են մնացել։ Ամուսինը՝ Հակոբ Բակկալյան, թեև հայկական անձնագիր ունի, սակայն Երևան տեղափոխվել չեն կարողանում՝ գումար չունենալու պատճառով:

«Ճամփան, Բեյրութով որպեսզի Երևան հասնենք, արդեն 500 դոլար կտանի։ Ողջ Հալեպի հայությունը շատ դժվար պայմանների մեջ է։ Արդյո՞ք գիտեն, արդյո՞ք կզգան, որ երկրորդ ջարդ ենք ապրում Հալեպում։ Բոլորն իրենց զավակներից հեռու, արդեն մնացել են տարեցներ, ամուսիններ՝ անգործ։ Աստված, միայն աղոթեք մեզ համար», - ասաց Մայդան։

Երևանում բնակվող սիրիահայ Հրայր Ակիլյանն այսօր առավոտյան խոսել է Սիրիայում բնակվող հարազատների հետ և մտահոգող լուրեր ստացել այնտեղից։ «Հինգշաբթի գիշեր ընդդիմադիրների Հալեպի բաժնի պատասխանատուն սպանվել է, բոլոր շրջանները ռմբակոծման մեջ են», - ասաց Ակիլյանը։

Նա Հայաստանում բնակվող ընկերների հետ պատրաստվում է դրամահավաք նախաձեռնել վտանգի մեջ գտնվող սիրիահայերին երկրից դուրս բերելու գործին աջակցելու համար: Նա ասաց, որ այդ խնդրով շատերին է դիմել, սակայն՝ անարդյունք:

«Ստիպված ենք սեփական միջոցներով ինչ-որ բան նախաձեռնել», - ասաց նա՝ հավելելով. - «Շատ փորձեցինք կուսակցությունների հետ, Կառավարության հետ, համայնքապետերի հետ, ոչ ոք չի փափագում այդ ծրագիրը իրականացնել, այնպես որ՝ անհատական է։ Հանձնախումբ մենք պիտի կազմենք, պիտի նայենք, թե ինչ ձևով կարող ենք փող հավաքել և այդ մարդկանց բերել։ Գոնե իրենց մեկ տարվա վարձերն էլ վճարելով՝ իրենց հանգիստ կյանք ապահովենք»։

Հայաստանի կառավարությունը չի շտապում կոնկրետ քայլեր ձեռնարկել հալեպահայերին տարհանելու ուղղությամբ։ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ ասել էր. - «Քանի դեռ Հալեպի հայ համայնքը որոշում չի կայացրել, մենք որևէ քայլ չենք ձեռնարկի»։

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանն էլ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, որ գաղութը լուծարելու քայլին չեն գնա։

Մինչդեռ, ըստ Հայաստանում բնակվող սիրիահայերի, օղակը գնալով նեղանում է, և երկրից դուրս գալու ճանապարհները՝ փակվում։

«Ընկերները, ծանոթները, բոլորն այնտեղ են։ Որևէ մեկը չի կարողանում շարժվել, և արդեն գնալով օղակը սեղմված է, դեպի Լաթաքիայի ճանապարհներն այնքան ապահով չեն, կմնա միայն Լիբանանի ճամփան», - ասաց Խաչիկ Ջոզիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG