Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառը անդրադարձել է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր սերտ ու եղբայրական հարաբերություններին` դրանց լավագույն դրսևորում համարելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան:
Գարեգին երկրորդը իր գոհունակությունն է արտահայտել նաև Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև ձևավորված կապերի առիթով` բարի արդյունավորում մաղթելով նորահաստատ համագործակցությանը:
Զրույցի ընթացքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ իր խոսքում կարևորելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը համայն հայության և ողջ քրիստոնյա աշխարհի կյանքում: