Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ. «Հայաստանը պետք է Կովկասի Սիլիկոնյան հովիտը դառնա»


Ադամ Շիֆ, արխիվ
Ադամ Շիֆ, արխիվ

ԱՄՆ-ի կոնգրեսականի խոսքով, բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար։

«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազույցում նման համոզմունք հայտնեց Միացյալ Նահանգների կոնգրեսական, Հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆը։

Նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստանը ռուսական լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը, ըստ կոնգրեսականի, բնավ դրական ազդեցություն չի կարելի համարել. - «Հայաստանն ավելի ու ավելի մեծ չափով է Ռուսաստանի ազդեցության տակ ընկնում, և դա դրական ազդեցություն չէ, սակայն դա հասկանալի է, եթե հաշվի առնենք, թե որքան է Հայաստանը տնտեսապես կախված Ռուսաստանից և որքան շատ է Հայաստանը կախված Ռուսաստանից Ղարաբաղի հարցի կարգավորման առումով»։

Միևնույն ժամանակ, Շիֆը հիշեցրեց, որ Ուկրաինայից առաջ Ռուսաստանը Հայաստանին է ստիպել հրաժարվել Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումից։ «Եթե չեմ սխալվում, դա տեղի ունեցավ հենց այն օրերին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվայում էր, որտեղ և հայտարարեց ուղղվածության վեկտորի փոփոխության մասին: Պատկերացնո՞ւմ եք, թե Մոսկվայի կողմից որքան էին Հայաստանի ձեռքերը ոլորել», - ասաց ԱՄՆ-ի կոնգրեսականը։

Շիֆի խոսքով, Հայաստանի շահերից է բխում՝ զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ:

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են բազմաթիվ ուղղություններով զարգանալ, այդ թվում` կարող ենք շարունակել նախկինում իրականացվող ծրագրերը, ինչպիսին էին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, ԱՄՆ-ի արտաքին օգնության և ականազերծման ծրագրերը: Մենք նաև պետք է Ադրբեջանին հանգիստ չտանք և պետք է նրանց թույլ չտանք շփման գծում սադրանքների դիմել», - ասաց Ադամ Շիֆը։:

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականի կարծիքով, Հայաստանի բարձրագույն շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը և Հայաստանի պայծառ բնակչության համար՝ երկրի ներսում զբաղվածության ապահովումը։

«Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնյան հովիտը և գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել: Այսպիսով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար», - ասաց կոնգրեսականը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը՝ Շիֆն ընդգծեց, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին։ «Հայաստանը Կոնգրեսում շատ ամուր աջակցություն է վայելում», - ասաց նա։

Շիֆի խոսքով, հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը. - «Բազմաթիվ երկրների վրա Ռուսաստանը թողել է իր բացասական ազդեցությունը. փակվել են քաղաքացիական և ոչ կառավարական կազմակերպություններ: Ոչ ոք չէր ցանկանա, որ նման բան տեղի ունենար նաև Հայաստանում: Կարծում եմ, Հայաստանում մեծ ազդեցություն վայելող Սփյուռքի համար հատկապես կարևոր է նպաստել, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով շարժվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG