Մատչելիության հղումներ

Հայերն իրենց պահանջներում այսուհետ «ավելի ինքնավստահ կլինեն»


Վերլուծաբան Թոմ դը Վաալը Քարնեգի հաստատությունում քննարկումների ժամանակ
Վերլուծաբան Թոմ դը Վաալը Քարնեգի հաստատությունում քննարկումների ժամանակ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներից հետո հայ - թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարին էին նվիրված Վաշինգտոնի Քարնեգի հաստատության գրասենյակում անցած քննարկումները: Ըստ քննարկումների մասնակիցների՝ ողջ աշխարհում և հենց Հայաստանում այդ միջոցառումները հայ ժողովրդին որոշ չափով ոգեշնչեցին:

Վաշինգտոնյան վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով, դրանք նշանավորեցին հայերի միասնությունը: «Այս միջոցառումներից հետո հայերն իրենց պահանջներում, անշուշտ, ավելի ինքնավստահ կլինեն», - ասաց նա:

Վերլուծաբանը համոզված է, որ շարունակվող իրավական գործերը թեև կարևոր են, սակայն քաղաքական գործընթացը չեն փոխարինի, և այսպիսով՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքական գործընթացները նույնպես կշարունակվեն:

Քաղաքական գործընթացներին անդրադառնալով՝ Լեհիտ համալսարանի դասախոս Հենրի Բարքեյը, որը ԱՄՆ-ի Պետքարտուղարության քաղաքական պլանավորման բաժնում է աշխատել, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը չի օգտագործել, սակայն սուր քննադատության է արժանացել պաշտոնական Անկարայի կողմից:

Միևնույն ժամանակ, Քարնեգի հաստատության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը համոզված է, որ Օբամայի հայտարարությունն իր բնույթով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու:

«Միանշանակ, դա մի մարդու հայտարարություն է, ով անձամբ հաստատ հավատում է, որ Հայոց ցեղասպանությունն իրոք տեղի է ունեցել, ու ով ցանկանում է օգտագործել այդ բառը, սակայն որը քաղաքական պատճառով որոշել է դա չանել», - շեշտեց դը Վաալը:

Վերլուծաբանը խորհուրդ տվեց ուշադիր հետևել Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնցից, իր խոսքով, որոշ չափով կախված կլինի նաև հայ - թուրքական հաշտության ապագան: Մասնավորապես, եթե ընտրություններին մասնակցող քրդական կուսակցությանը հաջողվի հաղթահարել 10 տոկոսի շեմը, այդ կուսակցությունը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը:

«Թուրքիայի քուրդ համայնքը Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը դեռևս չի օգտագործում, սակայն լուրջ առաջընթաց է ապրել այդ հարցում և ներողություն է խնդրում հայերից 1915-ին գործածի համար», - նշեց Թոմ դը Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG