Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց ընկերության մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանը։ Հարցին, թե որքանով է մտադիր ՀԷՑ-ը թանկացնել էլեկտրաէներգիան, Սարջանյանն արձագանքեց, թե բանակցությունները դեռ շարունակովում են, և ամեն ինչ պարզ կլինի մայիսին․ - «Դեռ քննարկման փուլում է: Քանի որ սակագնային տարին հուլիսից հուլիս է, բնականաբար, այդ ամսվա ընթացքում է ամեն ինչը տեղի ունենալու»:
Սակագնի բարձրացման հիմնական պատճառը, նրա խոսքով, համակարգում էլեկտրաէներգիայի կորուուստներն են, որոնց հետևանքով ՀԷՑ-ը տարեկան միլիարդավոր դրամների վնաս է կրում․ - «Հիմնականը, որի մասին բազմիցս խոսել ենք, այն է, երեք տարի է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կորուստով է փակում, 10 միլիարդ դրամի չափով վնասով է աշխատում»:
Վերջին երկու տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինն արդեն 2 անգամ փոփոխության է ենթարկվել։ Սկսած 2013 թվականի հուլիսից, բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 40 տոկոսով՝ 30 դրամից հասնելով 42-ի: Իսկ գիշերային ժամերին սակագինը բարձրացավ 60 տոկոսով։ 2013-ին և 2014-ին թանկացումները հիմնավորվեցին էլեկտրաէներգիայի կորուստներով:
Հերթական թանկացումից ընդամենը մի քանի ամիս անց՝ այս տարվա հունվարին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վատ կառավարման պատճառով կուտակել է ավելի քան 250 մլն դոլարի պարտք՝ չբացառելով որ սակագինը կրկին կբարձրանա։
Իշխող Հանրապետականն առայժմ չի մտածում հնարավոր թանկացման դեմ պայքարելու մասին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Այվազյանի կարծիքով, սակագնի վերանայման նախադրյալներն առկա են՝ դրամն արժեզրկվել է:
Այվազյանը գիտակցում է, որ հասարակությունը պատրաստ չէ հերթական թանկացմանը: Տարեկան 9 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող պատգամավորն ասաց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհարվածի նաև իր ընտանիքի բյուջեին:
Չնայած ՀԷՑ-ի ներկայացնելիք հայտին, էլեկտրաէներգիայի սակագինը տեսականորեն կարող է ևչփոփոխվել․ վերջնական որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, սակայն, վկայակոչելով նախորդ որոշումները, վստահ է, որ հանձնաժողովն այս անգամ էլ կբարձրացնի սակագինը՝ առանց ծանրակշիռ հիմնավորման․ - «Քաղաքական որոշումն արդեն կայացված է: Մենք կարող ենք նաև ասել, թե որքան կկազմի մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար: Այն կկազմի մոտավորապես 48 դրամ: Դա այն սակագինն է, որը, ըստ իրենց հաշվարկների, պիտի թույլ տա ՀԷՑ-ին աշխատել առանց վնասի»:
Գևորգյանը տարակուսում է, թե ինչու պետք է ռուսաստանյան ընկերության վնասները փոխհատուցվեն Հայաստանի բնակիչների հաշվին: Կառավարման այս պայմաններում, ըստ տնտեսական մեկնաբանի, անգամ 48 դրամը չի փակի ընկերության վնասները: Եվ հաջորդ տարի էլ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման հայտ կներկայացնի, քանի որ կորուստներն այդ կառույցում հսկայական են․ - «Այսօր դուք չեք գտնի այսպես կոչված ցանցի պետ, որն աշխատավարձով է ապրում»:
Ի դեպ, 10 միլիարդ դրամ վնասով աշխատող ՀԷՑ-ը, ըստ պաշտոնական հայտարարությունների, տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամի բարեգործական ծրագրեր է իրականացնում: