«Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար լուրջ ձեռքբերումներով հազիվ թե աչքի ընկնի։ Սա է վկայում գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստը, որ հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տրամադրության տակ:
Բրյուսելում մշակված այս փաստաթղթի նախագծում մասնավորաբար որևէ հիշատակում չկա այս երեք երկրների կողմից արձանագրած առաջընթացի մասին: Վրաստանի կառավարության անդամները, սակայն, պնդում են, որ փաստաթղթում զետեղված ոչ այնքան բարենպաստ ձևակերպումների մասին տեղեկություն չունեն: Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարում էր, թե Ռիգայի համաժողովի արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է:
«Վերջնական որոշումը կայացվելու է Ռիգայի գագաթաժողովի ընթացքում: Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած փաստաթղթին, կարող եմ միայն ասել, որ գագաթաժողովում հաջողության հասնելու համար անհրաժեշտ բոլոր կարևոր բարեփոխումները մենք կյանքի ենք կոչել»,- ասել է Վրաստանի փոխվարչապետը:
Թբիլիսիում Ռիգայի համաժողովից առաջ գլխավոր սպասելիքները կապված են Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման հեռանկարների հետ: Այժմ սակայն վրաց պաշտոնյաները խորհուրդ են տալիս արագ առաջընթաց այս հարցում չակնկալել: «Բանակցությունները դեռ շարունակվում են»,- նշում են Թբիլիսիում:
«Մեր դիվանագետները ակտիվորեն ներգրավված են խնդրում, նրանք բանակցում են Եվրամիության ներկայացուցիչների հետ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Մեկ այլ փորձառու վրաց դիվանագետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ավելի լավատես է:
«Ես գիտեմ, որ [Ռիգայի գագաթաժողովի ընթացքում] լուրջ քայլեր են ձեռնարկվելու: Մանրամասները սակայն չեմ կարող փոխանցել»,- ասել է Աբաշիձեն:
Բրյուսելի հետ բանակցություններում անմիջականորեն ներգրավված Եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն խորհուրդ է տալիս Ռիգայի գագաթաժողովից առաջ չափազանցված սպասումներ չունենալ:
«Մենք շատ կարևոր առաջընթաց ենք արձանագրել, ակնհայտ է նաև, որ Ռիգայի գագաթաժողովը շատ կարևոր նշանակություն է ունենալու: Սակայն չափազանցված սպասումների կարիք չկա, հակառակ դեպքում կկրկնվի ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին Անհատական գործողությունների պլանի տրամադրման պատմությունը: Պետք է հասկանալ` գագաթաժողովի հաջորդ օրը` մայիսի 23-ին, Վրաստանի բնակիչները առանց վիզայի Եվրոպա ուղևորվելու հնարավորություն չեն ստանա»,- հայտարարել է վրաց նախարարը` միաժամանակ հույս հայտնելով, որ Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում նշված կլինի, որ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված քայլերը պաշտոնական Թբիլիսին կատարել է, այն էլ շատ սեղմ ժամկետներում:
Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ Ռիգային գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում տեղ գտած ոչ այնքան լավատեսական ձևակերպումները սպասելի էին, և իրադարձությունների նման զարգացման գլխավոր մեղավորը հենց վրացական իշխանություններն են:
Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» առաջնորդներից մեկը` Գիգա Բոկերիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է.- «Նման աշխատանքը նախ և առաջ արդյունավետ և կոմպետենտ կառավարության առկայություն է պահանջում: Այն, ինչ մեզ մոտ այսօր գոյություն չունի: Այդ իսկ պատճառով էլ Մոլդովան արդեն իսկ Եվրամիության պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ է սահմանել, իսկ մենք այդ նպատակին դեռ չեն հասել»։