Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կոչ է անում դեմ քվեարկել համայնքների խոշորացման ծրագրին


Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է հրապարակել, որում կետ առ կետ նշել է այն խնդիրները, որոնք կառաջանան կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման ծրագրի իրականացումից հետո:

Հիշեցնենք, որ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին աննախադեպ հանրաքվե կանցկացվի՝ յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով։

«Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով, իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ: Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ սույն հայեցակարգը `

1. Հանգեցնելու է սեփական իշխանություններ ձևավորելու գործում ժողովրդի դերի էական նվազմանը, ինչը խորացնելու է պետական կյանքից նրա էլ ավելի օտարումը,

2.Բերված հիմնավորումներով ոչ թե բնակավայրերի զարգացման և ամրապնդման, այլ` մեխանիկական միավորման միջոցով դրանց ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է:

3. Խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը և խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը:

4. Ըստ էության վերջնականապես վերացնում է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, թեև հայտարարվում է հակառակը:

5. Բնակավայրերի բնակիչներին՝ առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով, կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջև:

6. Բոլորովին անտեսում է տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող բնակավայրերի պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպության և ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը:

7. Վերջապես, լուրջ վտանգներ է պարունակում այն առումով, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջև: Ծրագրի իրագործումն, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

«Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ հրատապ անհրաժեշտություն է վերադարձը ծրագրային հենքի վրա երկրի բնակավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությանը` խորացնելով և ընդլայնելով տեղական ինքնակառավարումը: Այդ նպատակով պետք է կատարել հետևյալ առաջնահերթ քայլերը.

* հրաժարվել արհեստական միավորման միջոցով համայնքների խոշորացումից` շեշտը դնելով միջհամայնքային համագործակցության վրա, խթանելով կոոպերացիայի զարգացումը,

* փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում»` վերականգնելով համայնքի ղեկավարի ընտրության ժամկետային սահմանափակումը,

* էապես ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համայնքների կենսագործունեության և զարգացման խնդիրները լուծելու հարցերում, բացառելով անօրինական միջամտությունները տեղական իշխանությունների գործունեությանը,

* ֆինանսական ինքնուրույնությունը ապահովելու նպատակով, ընդլայնել համայնքների եկամուտների աղբյուրները, մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ կատարելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում`

* եկամտահարկի և շահութահարկի գծով համայնքների տարածքում հավաքագրվող գումարների մի մասը մուտքագրելով համայնքային բյուջեներ,

* համայնքների միացումը կամ առանձնացումը կատարել բացառապես կամավորության սկզբունքով` հիմք ընդունելով համայնքների հանրաքվեների արդյունքները,

* պետության միջամտությունը համայնքների միացման հարցում թույլատրելի համարել բացառիկ դեպքերում` երբ դա անհրաժեշտ է փոքր բնակավայրերի դատարկումը կանխելու համար», - առաջարկում է ՀԱԿ-ը կոչ անելով միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին և դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG