Պատժամիջոցների խնդիրը կապված է Մինսկի համաձայնությունների կատարման հետ
Եվրամիության լիդերները անարձագանք են թողել Արևելյան Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի կոչը, սակայն համաձայնել են ավելացնել մարդասիրական օգնությունը։ ԵԱՀԿ-ի դիտորդները հաղորդել են, որ չնայած Մինսկում փետրվարին ձեռք բերված համաձայնությանը, Ուկրաինայի արևելյան շրջաններում հրետակոծությունը չի դադարում։
Պորոշենկոն երեկ Կիևում գումարված Ուկրաինա - Եվրամիություն գագաթնաժողովում է դիմել խաղաղապահներ ուղարկելու խնդրանքով, սակայն, ինչպեսև ենթադրել են վերլուծաբանները, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատասխանել է, թե «Եվրամիությունում գիտեն Կիևի ակնկալիքների մասին, բայց ռազմական առաքելություն ուղարկելն անհնարին է»։
Ռուս-ուկրաինական բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 6100 մարդ, ավելի քան մեկ միլիոն բնակիչ տեղահանվել է։
«Եվրոպական միությունը որքան հնարավոր է կարճ ժամկետում Ուկրաինա կուղարկի խաղաղ բնակչության կարիքները գնահատելու առաքելություն», - երեկ խոստացել է Տուսկը։ Երեկ Պորոշենկոն Եվրամիությանը հորդորել է Ուկրաինայի առաջ բաց պահել դռները՝ հավաստիացնելով, որ իր երկիրն առաջիկա հինգ տարում կապահովի բոլոր անհրաժեշտ չափանիշները և պատրաստ կլինի անդամության հայտ ներկայացնել։
Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, թե Բրյուսելում ակնկալում են, որ Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները, ինչը ենթադրում է ռուսական ուժերի և տեխնիկայի դուրսբերում։
«Հարկ է հիշեցնել, որ մեր պատժամիջոցները և սահմանափակող այլ քայլերը կապված են Մինսկի համաձայնությունների կատարման հետ, մենք նաև ակնկալում ենք բոլոր պատանդների, այդ թվում Նադեժդա Սավչեկնոյի ազատ արձակում», - ասել է Տուսկը։
«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ասել է, թե «ուկրաինական դրամայի ավարտը բնավ չի նշանակի ավանդույթի ուրացում և հայրենակիցներին ցուցադրվող օգնության դադարեցում»։
Լեհերի համար ռուս բայկերների ակցիան ռուսական ագրեսիայի դրսևորում է
Մինչդեռ, Ռուսաստան - Եվրամիություն հարաբերություններում կա զարգացում, որն անուղղակիորեն առնչություն ունի ուկրաինական խնդրին։
«Նոչնիե վոլկի» («Գիշերային գայլեր») ակումբի բայկերները, ովքեր միանշանակ սատարում են նախագահ Վլադիմիր Պուտինին և ողջունել են Ղրիմի բռնակցումը, փորձել են մոտոցիկլետային երթով անցնել Երկրորդ աշխարհամարտում խորհրդային բանակի ճանապարհը և Մոսկվայից հասնել Բեռլին։
Ակցիայի խորհրդանշական իմաստն է՝ հիշեցնել Եվրոպային Ռուսաստանի հզորության մասին և «փոխանցել ռուս վետերանների ուղերձը Եվրոպայի վետերաններին»։
Նախօրեին Լիտվան արգելել էր երթը, և բայկերները տեղափոխվել էին Բելառուս, որտեղից մտադիր էին անցնել Լեհաստանի տարածք, սակայն այդ երկրի վարչապետ Եվա Կոպաչն ակցիան սադրանք է անվանել։ Լեհ սահմանապահները նույնպես արգելել են բայկերների մուտքը։
«Գիշերային գայլերի» առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է «Խիրուրգ» մականունով և իրեն ներկայացնում է որպես «Վլադիմիր Պուտինի ընկերը», լեհ սահմանապահների գործողությունները «էժանագին կրկես» է անվանել։
«Խիրուրգը» պնդել է, որ «Գիշերային գայլերը» միևնույն է կհասնեն Բեռլին, սակայն չի հայտնել, թե որ ճանապարհով։
Ռուսաստանի արտգործնախարարությունը Լեհաստանի իշխանության որոշումը «սրբապղծություն» է անվանել: Մինչդեռ լեհ հանրության տեսակետից, «Գիշերային գայլերի» ակցիան ռուսական ագրեսիայի դրսևորում է։