Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Խմբի անդամները ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը:

Վեց անդամներից մեկը հայաստանցի երգչուհի Ինգա Արշակյանն է, մյուսները հայկական ծագում ունեցող՝ արտերկրում բնակվող երգիչներ են։

Հանրային հեռուստաընկերությունն այս երգիչներին փնտրել և գտել է բոլոր հինգ աշխարհամասերից։ Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը գրել է երաժշտությունը, Իննա Մկրտչյանը երգի բառերը, իսկ արդյուքն արդեն YouTube-ում 1 միլիոնից ավելի դիտում ունի։

Խմբի վեց անդամներն այսօր մի հատված երգեցին 'Face the shadow'՝ «Առերեսվի՛ր ստվերին» երգից։ 'Face the shadow’ վերանգրված երգի կրկներգում 'don’t deny’`«մի ժխտիր» բառերն են, թեև երգը կամ տեսահոլովակը ոչ թե Ցեղասպանության, այլ, ինչպես դրա հեղինակներն են բնորոշում, համամարդկային արժեքների մասին է, իսկ տեսահոլովակը պատկերում է, թե ինչպես են փոխվում սերունդները, իսկ նրանց ծագումն ու ավանդույթները մնում են նույնը։

Երգիչները դեռ չեն շտապում խոսել հաղթանակի կամ պարտության մասին։ Ինչպես նշեց ամերիկահայ մասնակից Թամար Կապրելյանը, իրենք երջանիկ կլինեն, եթե և՛ Հայաստանի, և՛ ողջ աշխարհի հայերը հպարատանան իրենցով։

«Խմբի հիմքում դրված գաղափարն այն է, որ մենք վեց տարբեր ճակատագրեր ունենք, բայց բոլորս միմյանց հետ կապված ենք հայկական արմատների ու ժառանագության միջոցով», - ասաց Կապրիելյանը։

«Կառուցելով կամուջներ», սա «Եվրատեսիլ»-ի այս տարվա նշանաբան է։ Հայաստանը ներկայացնող խմբի նպատակն է ցույց տալ, որ իրենք էլ կամուրջներ են կառուցել միմյանց միջև ու դեպի Հայաստան։

«Genealogy»-ն Վիեննայում ելույթ կունենա մայիսի 19-ին, եթե անցնի եզրափակիչ փուլ, կերգի նաև մայիսի 21-ին։

Այս օրերին խումբը Եվրատեսիլի ֆավորիտների ցանկում 10-ից 20-րդ հորիզոնականների միջակայքում է 40 մասնակիցների շարքում։ Այժմ խմբի անդամները փորձեր են անցկացնում Երևանում, միևնույն ժամանակ ծանոթանում Հայաստանին։ Նրանցից երեքն առաջին անգամ են այստեղ։

«Երբ ինքնաթիռում էի, դեմքս, կարծես, պատուհանի ապակուն սոսնձված լիներ, չափազանց ոգևորված էի, մինչև ասյտեղ գալը միայն նկարներ էի տեսել, հավատս չէր գալիս, բառեր չեմ գտնում, որ նկարագրեմ», - ասաց Ճապոնիայից ընտրված մասնակից Ստեֆանի Թոփալյանը, ում հայրն ամերիկահայ է, մայրը` ճապոնուհի։

Բոլոր վեց մասնակիցների ընտանիքների պատմության նոր էջը սկսվել է Ցեղասպանությունից հետո, ինչպես Ինգա Արշակյանի նախնիներն են Խարբերդից տեղափոխվել Արևելյան Հայաստան, այդպես էլ մյուս հինգ երգիչների պապերը՝ Թուրքիայից ցրվել են ողջ աշխարհով մեկ՝ հասնելով անգամ մինչև Եթովպիա։

Վահե Թիլբյանը Աֆրիկայում ծնված հայերի արդեն չորրորդ սերունդն է։ Իսկ ավստրալացի մասնակցի մայրն է հայ, նրա ընտրության հարցում Հանրային հեռուստաընկերությանն օգնել է Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը, ով ապրում ու ստեղծագործում է Սիդնեյում։

«Իմ երազանքն էր պարզել, թե որտեղից են գալիս իմ նախնիները։ Այնքան շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար, որ գտա Հայստանում», - ասում է Մերի Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը։

Արդյո՞ք շատ բարդ երգ չի ընտրվել «Եվրատեսիլ»-ի նման մրցույթի համար հարցին, Ինգա Արշակյանը պատասխանեց, որ այս «Եվրատեսիլ»-ին իրենց խնդիրը չի եղել հասարակ ու հիշվող երգ գտնել, այլ ցանկացել են իրենց բարդ ասելիքը «Եվատեսիլ»-ի բեմից հասցնել աշխարհի միլիոնավոր հեռուստադիտողներին։ Գոհար Գասպարյանը հավելեց. - «Այն ամենը, ինչ նրանք անում են, դա՝ ասելիքը տեղ հասցնելն է, դա՝ էմոցիա, զգացողություն և էներգետիկա հասցնելն է հանդիսատեսին»։

«Genealogy»-ն Վիեննայում ելույթ կունենա մայիսի 19-ին
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG