Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցում է, որ եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
«Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումից հետո ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սրբոց Նահատակաց անունով, ապա «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Ծառուկյան ամուսիններին և ներկա ժողովրդին: Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց տիար Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյան ընտանիքին, ում ազնիվ բարերարությամբ յոթ եկեղեցիներ են վեր խոյացել հայոց սրբազան հողի վրա»,- ասված է հաղորդագրությունում: