Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը «Թայմ»-ում էսսե է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին


Քիմ և Քլոե Քարդաշյանները և նրանց զարմուհիները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 10-ը ապրիլի, 2015թ.
Քիմ և Քլոե Քարդաշյանները և նրանց զարմուհիները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 10-ը ապրիլի, 2015թ.

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը բացառիկ էսսե է գրել «Թայմ»-ի համար, որում պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։

Քարդաշյանը, ով վերջերս ընտանիքի հետ Հայաստան էր այցելել, անցած շաբաթ ընդգրկվել է «Թայմ»-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Սոցիալական ցանցերում միլիարդավոր հետևորդներ ունեցող հեռուստաաստղը իր էսսեում ափսոսանք է հայտնում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում այս անգամ էլ չկիրառեց «ցեղասպանություն» տերմինը։

«Ես շատ կուզենայի, որ նախագահ Օբաման կիրառեր «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա չի կիրառել այն իր նախագահության ընթացքում։ Մենք կարծում էինք՝ դա տեղի կունենար այս տարի։ Զգում եմ, որ մենք մոտ ենք դրան, մենք հաստատ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- գրում է Քարդաշյանը՝ նաև կոչ անելով Թուրքիային ընդունել իր անցյալը։

«Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի այն։ Դա այժմ այնտեղ ապրող մարդկանց մեղքը չէ, դա տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Կարծում եմ, որ եթե նրանք ճանաչեն ու ընդունեն այն, բոլորը կկարողանան առաջ շարժվել, բայց մենք չենք կարող առաջ շարժվել, մինչև Թուրքիան չընդունի իր անցյալը։ Ցեղասպանությունը հիշելու ողջ իմաստն այն է, որ այն այլևս երբեք տեղի չունենա։ 1.5 միլիոն մարդ դաժանաբար սպանվել են, և մի երկիր կարող է պարզապես ձևացնել, թե դա երբեք տեղի չի ունեցե՞լ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է»։

Էսսեում հայտնի հեռուստաաստղը պատմում է նաև այս ամիս Հայաստան կատարած իր այցելության մասին.- «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ուզում էր գնալ Հայաստան։ Հայրս, պապս ու տատս, նրանց ծնողները շատ կուզենային գնալ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գնալ։ Իմ քույր Քլոեն, դուստր Նորթը և իմ ամուսին Քանյե Ուեսթը վերջապես այս ամիս Հայաստան գնացինք։ Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց.- «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»։ Այս բիզնեսում շատ հայեր չկան, մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորությունը, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։

Քարդաշյանը նաև գրում է, որ դստերն է փոխանցելու իր նախնիների պատմությունը.- «Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյան տվեց ինձ իրենը, երբ հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրած գույնն է, այդ պատճառով նա ուզում է կրել այն ամեն օր։ Երբ նա կմեծանա, ես կբացատրեմ նրան այդ կրծքանշանի իրական իմաստը։ Ես կիսով հայ եմ, բայց մեծացել եմ այնքան ուժեղ հայկական ինքնության մթնոլորտում, և ուզում եմ, որ իմ աղջիկն էլ այդպես մեծանա։ Իմ նախնիները շատ քաջ են գտնվել՝ ողջ ընտանիքով տեղափոխվելով։ Ես կպատվեմ նրանց՝ այդ հիշողությունները իմ դստերը փոխանցելով»։

«Մեր մանկության տարիներին հայրս անընդհատ իր ժառանգության մասին էր խոսում։ Դա մեր կյանքի մեծ մասն էր կազմում։ Մենք գիտեինք, որ երբ բազմաթիվ հայերը տեղափոխվել են, իրենց ազգանվան «յան» վերջավորությունից հրաժարվել են՝ վախենալով, որ կարող են սպանվել։ «Ինչ էլ որ անեք, աղջիկներ, երբեք չփոխեք ձեր ազգանունը, այն Քարդաշյան է»,- ասում էր հայրս։ Նա միշտ խոսում էր դրա մասին և ուզում էր, որ երբեք չմոռանանք, թե որտեղից ենք եկել»,- գրում է Քիմ Քարդաշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG