Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը Թուրքիայի ձեռքում է. Արտակ Զաքարյան


Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը Թուրքիայի ձեռքում է. Արտակ Զաքարյան
please wait

No media source currently available

0:00 0:09:13 0:00

Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը Թուրքիայի ձեռքում է, կարծում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Նախ անհրաժեշտ է, որ թուրքերը հրաժարվեն նախապայմաններից, այդ դեպքում, ասում է, ստորագրված փաստաթղթերը կարող են վերադարձվել խորհրդարան՝ վավերացվելու։

«Ի սկզբանե կախված էր Թուրքիայից, և այսօր էլ, իմ կարծիքով, կախված է Թուրքիայից։ Եթե չանտեսի բոլոր միջնորդ պետությունների՝ հարաբերությունների կարգավորման առաջարկները սահմանի բացման համար, եթե դադարեցնի իրեն չվերաբերվող խնդիրներում հայտնվել կոնֆլիկտների կարգավորման պահանջատիրոջ դիրքում, եթե չփորձի խնդիրը կապել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կամ ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, բնականաբար, իրական հնարավորություններ կստեղծվեն այդ գործընթացը երկուստեք առաջ տանելու համար։ Բայց քանի դեռ նախապայմանները թուրքական պաշտոնական լեզվում առկա են, ապա դժվար է ասել, որ մենք որոշակի առաջընթաց կունենանք արձանագրությունների առումով»,- ասաց Զաքարյանը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը լիովին տապալել է հաշտեցման նախաձեռնությունը։

«Այդ գործընթացից շահել են բոլորը՝ Թուրքիան, որը կարողացավ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շարունակվելու քողի տակ կասեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դրանից շահեցին ամերիկացիները, ովքեր կարողացան Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որը պայթունավտանգ էր իրենց համար, հանել ներքին քաղաքական դեբատների կիզակետից։ Հայաստանը դրանից ոչ մի բան չշահեց, որովհետև շահելիքը վերաբերվում էր հայ-թուրքական սահմանի բացմանը, և դա չստացվեց։ Մինչդեռ Թուրքիային Հայաստանը զիջեց ցեղասպանության եղելության վրա հարցականի նշան դնելու հանգամանքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

ՀԱԿ-ը նույնպես Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման կողմնակից է, բայց դեմ է ճանաչման խնդիրը արտաքին քաղաքականության հիմնաքար դարձնելուն։ Դա Թուրքիայի պատասխանատվության հարցն է մարդկության առաջ, ասում է Զուրաբյանը։

«Մեր ասածը այն չէ, որ ցեղասպանության ճանաչման գործը կարևոր չէ։ Հակառակը՝ մենք ասում ենք՝ այո, իշխանությունները կարող են, բայց Հայաստանը չպետք է պաշտոնապես դնի այդ պահանջը Թուրքիայի առջև, որովհետև այն պահից, երբ այդ պահանջը Հայաստան պետության կողմից պաշտոնապես դրվում է Թուրքիայի առջև, անմիջապես հարցը, մարդկության դեմ գործված այս ցեղասպանության, հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվությունից վերածվում է հայ-թուրքական միջպետական վեճի»,- նշեց Զուրաբյանը.- «Երկրորդը՝ սա թույլ է տալիս Թուրքիային պաշտոնապես հանդես գալ ցեղասպանության եղելությունը ուսումնասիրող միջկառավարական պատմաբանների հանձնաժողովի առաջարկով, որը ինքը չի կարող անել, եթե Հայաստանի կողմից պաշտոնական պահանջ դրված չլինի»։

«Հայ ժողովուրդը իր նորագույն պատմության ընթացքում երկու պետություն է ստեղծել՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված։ Եվ չի կարող հայ ժողովրդի համար կարևորագույն խնդիրներից մեկը չլինել պետության խնդիրը»,- հակադարձում է Արտակ Զաքարյանը։

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Սերժ Սարգսյանի ջանքերը կամ «ֆուտբոլային դիվանագիտությունը» պտուղ տվեցին 2009-ի հոկտեմբերին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Քայլ անելու հերթը երկրների խորհրդարաններինն էր։ Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունը, սակայն, չպահպանվեց։ Թուրք պաշտոնյաները արձանագրությունների վավերացումը սկսեցին պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։ Ստորագրումից վեց ամիս անց նախագահ Սարգսյանի հրամանագրով արձանագրությունների վավերացումը կասեցվեց Հայաստանի ԱԺ-ում։ Եվս 4.5 տարի սպասելով՝ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնական Երևանը քննարկում հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը և կանչեց։

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում բազմիցս է բարձրացրել արձանագրություններն օրակարգից հանելու հարցը։ Պատգամավորը կարծում է, որ Թուրքիան միշտ է նախապայմաններ առաջ քաշելու։

«Կորցրեցինք իրականում այլընտրանքը՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով դեպի աշխարհ, դեպի ծով ունենալ թե երկաթգիծ, թե նավթամուղ, թե գազամուղ, և Հայաստանը այդ պարագայում նաև աշխարհին որպես տարանցիկ պետություն, գործընկեր ասպարեզ մղելու հնարավորությունը»,- ասաց Փոստանջյանը։

Շատերի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը 100-ամյակին ընդառաջ քայլ էր՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումն էր դանդաղել։

«Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը, իր զարգացումների փուլը և տրամաբանական ավարտը»,- ասում է Արտակ Զաքարյանը։

Վեց տարի անց էլ Հայաստանը ստորագրությունը հետ չի կանչել հայ-թուրքական արձանագրություններից։ Միջազգային հանրությունը հույսը չի կորցնում՝ յուրաքանչյուր հարմար առիթով Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների կարգավորման կոչ անելով։

«Հայաստանը, հնարավորինս մեծ հարգանքով վերաբերվելով միջազգային հանրության տեսակետներին, 2010 թվականից մինչ այս տարի իր բարիդրացիական և կառուցողական վերաբերմունքն է ցուցաբերել արձանագրություններին՝ պատասխանատու լինելով իր իսկ հայտարարություններին և իր իսկ ստորագրությանը։ Բայց ունենք այն, ինչ ունենք, և խնդիրների ամբողջ կույտը գտնվում է Անկարայում»,- ասաց Զաքարյանը։

«Ֆուբոլային դիվանագիտության» պատճառով իշխանական կոալիցիան լքած Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասում է՝ դրանք կորսված տարիներ էին։

«Ստորագրելուց հետո հատկապես առաջին մի քանի տարիներին բոլոր երկրներում, միջազգային կառույցներում դարձավ ազդանշան, որ կա երկխոսություն երկու երկրների մեջ, և պետք չէ ցեղասպանության ճանաչման դատապարտմամբ այդ երկխոսությանը խանգարել։ Սա նաև թուրքական ծրագիր էր։ Մենք ի սկզբանե համոզված էինք, որ սրանք մեռելածին են։ Փառք Աստծո, դրանք այսօր իրականում գոյություն չունեն։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահը ոչ միայն խորհրդարանից ետ կանչեր, այլև արձանագրություններից ստորագրությունը հաներ։ Կարծում եմ, դրա ժամանակն էլ կգա»,- ասաց Վարդանյանը։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է՝ պետք չէ ստորագրությունը հետ կանչել, այդ արձանագրությունները կարող են մնալ որպես հաշտության հնարավորություն։

«Եթե ստորագրել ես, պետք է տեր լինել քո ստորագրությանը։ Այլ հարց է, որ չի վավերացվում։ Այս ստորագրությունը առանց վավերացման ոչինչ է նշանակում, ուրեմն պետք չէ այդ թեմաներով խոսել, այլ սպասել պատեհ պահի և առաջ գնալ»,- ասաց Արզումանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG