Մատչելիության հղումներ

Իրազեկման 5,000 կիլոմետր՝ հայ բայքերները հասել են Երևան


Իրազեկման 5,000 կիլոմետր՝ հայ բայքերները հասել են Երևան
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Իտալական Լիվորնոյից Երևան երկու անիվների վրա․ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայկական մոտոցիկլիստների ակումբի 5 անդամներ, անցնելով Եվրոպայի տասնյակ քաղաքներով, իրազեկել են Մեծ եղեռնի մասին ու հասել Հայաստան՝ ծաղիկներ դնելու Ծիծեռնակաբերդում՝ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջև։

«Երեք տարի առաջ որոշեցինք, որ 2015-ի ապրիլի 24-ին այստեղ պիտի լինենք: Ճանապարհները օտար էին, բարդ էին, մի քիչ դժվար էր, բայց, փառք Աստծո, հասանք մեր նպատակին», - «Ազատությանը» պատմում էին նրանք:

Ճանապարհորդության ընթացքում, որը 14 օր է տևել, հայ բայքերները եռագույնով ու 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներով անցել են գերմանական, հունական, բուլղարական ու վրացական բազմաթիվ քաղաքներով։ Ճանապարհի կարճատև դադարներին նրանք իրենց ընտանիքների պատմություններն են փոխանցել օտարերկրացիներին՝ փորձելով 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի մասին ամբողջական պատկերացում ձևավորել նրանց մոտ։ Բոլոր 5 մոտոցիկլիստների նախնիներն էլ ցեղասպանությունից մազապուրծ եղածներ են։

«Մեծ մայրս ազատվել է ջարդից 8 տարեկան հասակում: Մարաշից իր երկու քույրերի հետ ոտքով իջել է դեպի Սիրիա, այնուհետև՝ Բաղդադ: Իսկ մեծ հայրս՝ երեք եղբայր, մեկ քույր, բաժանել են իրենց: Մեծ հորս ուղարկել են Բաղդադ՝ Իրաք, մյուս եղբորը Արգենտինա, մյուս եղբորը և քրոջը՝ Ֆրանսիա՝ Լիոն», - պատմում է Գրիգոր Գաբակլյանը:

Հայ բայքերների երթուղին պատահական չի ընտրված։ Հիմնականում անցել են այն վայրերով, որտեղ 100 տարի առաջ ապաստանել էին Օսմանյան կայսրության սրից փրկված հայերը։

Վատ եղանակն ու տեղ-տեղ անանցանելի ճանապարհները հաճախ խիստ դժվարացրել են ուղևորությունը, սակայն հենց Հայաստանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ցանկությունը ստիպել է իրենց չդադարեցնել իրենց երկանիվ մեքենաների ընթացքը:

«Երբ Հունաստանից պիտի մտնեինք Բուլղարիա, ահավոր ձյուն եկավ: Շատ զորավոր: Դժվար էր, պաղ: Բայց՝ փառք Աստծո», - պատմում էին նրանք:

Ավելի քան 5 հազար կիլոմետր անցած բայքերները պատմում են, որ ջերմ հյուրընկալության են արժանացել գրեթե բոլոր քաղաքներում։ Թռուցիկներից ու անմոռուկներից բացի նրանք տեղի բնակիչների հետ զրույցներ են ունեցել, ներկայացրել Ցեղասպանությունը հաստատող փաստեր, պատմություններ, պատասխանել են մարդկանց հուզող բազմաթիվ հարցերի։ Ըստ բայքերների, շատ վայրերում բնակիչները խոստանում էին ամեն կերպ աջակցել իրենց երկրներում Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու հարցում։

Ամերիկահայ 5 բայքերներին իր մոտոցիկլով գերմանական Բրեմեն քաղաքում միացել է նաև Նորայր Զարգարյանը։ Վերջինս պատմում է, որ այս ճանապարհորդությանը պատրաստվել է երեք ամիս: Նա այսօր ծաղիկներ կդնի Ծիծեռնակաբերդում, իսկ Գերմանիայում մնացած ընկերները զանգվածային մեծ միջոցառում կկազմակերպեն։

Հայաստանում ամերիկահայ բայքերներին դիմավորել տեղի մոտոցիկլիստները։ Հայաստանի մոտոցիկլիստների միության առաջնորդը հույս հայտնեց , որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։

«Ինչպես հարկն է՝ դիմավորել ենք, բերել հասցրել ենք Հայաստան: Կարևորը՝ անփորձանք», - պատմեց Սամվել Կարապետյանը:

Հայաստանյան մոտոցիկլիստների ակումբի անդամները այսօր և վաղը կդիմավորեն մի շարք երկրներից ժամանող 3 տասնյակ այլ հայ բայքերների ևս, իսկ ապրիլի 26-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոտոցիկլետների մրցույթ կանցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG