Մատչելիության հղումներ

Գորգերի «խոսուն լռությունը վկայում է դարավոր ողբերգության մասին»


Գորգերի «խոսուն լռությունը վկայում է դարավոր ողբերգության մասին»
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

«Մեգերյան կարպետներ» թանգարանում շուրջ մեկ տասնյակ հարյուրամյա գորգեր կան Արևմտյան Հայաստանից, սակայն թե ում են պատկանել, ովքեր են գործել, ինչ է եղել այդ մարդկանց հետ՝ հայտնի չէ։

«Այս խոսուն լռությունը վկայում է դարավոր ողբերգության մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մեգերյան կարպետներ»-ի արտադրության տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը․ - «Պատմության թելը կտրվում է նախորդ դարի սկզբներին: Կտրվել է այդ փոխանցումը: Ինչո՞ւ որդան կարմիրի գաղտնիքը չկա: 20-րդ դարի սկզբին Նախիջևանում վերջին վարպետներն են եղել, ինչո՞ւ չի հասել մեզ․․․ Շատ չի անցել, չէ՞: Հարյուր տարի է, հարյուր տարին ի՞նչ էր, որ չի փոխանցվել»:

Մարդկանց փոխարեն հիմա նախշերն են պատմում, թե որ գորգը Արևմտյան Հայաստանի որ գավառից է: Բայց թե որ գերդաստանինն են եղել, ինչ ընտանիքի ենծառայել՝ արդեն դժվար է ասել: «Անունը Սասուն է, գործվածքն էլ Արևմտյան Հայաստանի գործվածք է: Այնտեղից բերված, փրկված գորգ է, լավ պահպանված», - ցուցադրված մի գորգի մասին պատմեց Անդրեասյանը: - «Սրա ծագման պատմությունն էլ չկա, ցավոք սրտի: Այս գորգերի մի մասը, որ այստեղ տեսնում եք, այն գորգերն են, որ այդ վաշխառուներից գնված, փրկված գորգեր են, որ Մեգերյանները ժամանակին հավաքել ու պահել են»:

Երևանում գործարան և գորգերի թանգարան հիմնած Մեգերյանները Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են: 1915-ից հետո նրանց պապերը Միացյալ Նահանգներ են հասել, շարունակել են իրենց ընտանեկան գործը, և տարիների ընթացքում նաև հավաքել ու պահպանել են Արևմտյան Հայաստանի գորգերը: Դրանցում, ինչպես փոխանցեց Անդրեասյանը, հաճախ է հանդիպում քրիստոնեական թեման․ խաչը, անգամ եկեղեցիների հատակագծեր են ծածկագրված:

«Գորգագործության շատ գաղտնիքներ են կորել», - շարունակեց Լեոնիդ Անդրեասյանը: - «Ցավոք, շատ բաներ մեզ չեն փոխանցվել: Հիմա ինչ-որ բաներ վերծանել են, բայց ընդհանրապես ի՞նչ են մտածել մեր նախատատերը, որ գործել են, ի՞նչ միտք են դրել դրա մեջ, կամ ի՞նչ իմպուլս են ստացել տիեզերքից, կամ ի՞նչ պատմական փաստերի միջով են անցել․․․ ո՞վ կարող է ասել»:

Գործարանում վերականգնվել է հայկական կրկնակի հանգույցը: Լեոնիդ Անդրեասյանը բացատրեց տարբերությունը․ - «Կապում են, քարկապ են գցում հայերը: Իսկ պարսիկները՝ չէ, հենքերի արանքով անցկացնում են ու վերջ, կապել չկա»:

Անգամ կրկնակի հանգույցը հայկական ազգային հոգեբանության վկայությունն է՝ բարդ է իրագործել, բայց շատ ամուր է ու մնայուն․ - «Հանգույցն են անգամ պինդ արել, դժվար: Ամեն ինչի դժվարն են վերցրել: Կգնան սարերի ծերպերին կբարձրանան, կապրեն․․․ Ամենադժվարն են միշտ ընտրել: Եվ այդ ամենադժվարն է, որ մենք այսօր կանք»:

Անդրեասյանի խոսքով, թանգարանում պահպանված այս մի քանի գորգն էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչ հարուստ ժառանգություն ենք կորցրել․ - «Ոնց որ ապրես առանց սրտի: Սիրտդ ես կորցրել: Մենք մեր ամեն ինչը կորցրել ենք: Միայն հող չեն կորցրել․ այդ հողի վրա են այդ մարդիկ այդ ամեն ինչը ստեղծել: Մշակույթը այդ հողի վրա են արարել: Այդ հողը թողել են, դա էլ հետն են թողել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG