Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում հակաօդային պաշտպանության համակարգերի ներգրավվածությունը շարունակաբար ավելացնելու մեջ:
«Ռուսական զորքերն ու անջատականները շարունակում են խախտել Մինսկում ստորագրված հրադադարի համաձայնագրի կետերը»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.- «Մենք Ուկրաինայի արևելքում օգոստոսից ի վեր արձանագրում ենք ռուսական հակաօդային ինքնապաշտպանական համակարգերի ամենամեծ ներկայացվածություն»։
Հարֆը նշել է, որ ի հեճուկս Մինսկի համաձայնության, ռուսական զորքերն ու անջատականներն իրենց հրթիռներն ու օդուժը դուրս չեն բերել հակամարտության գոտուց : Ավելին՝ ռազմական պատրաստությունն ավելի են խստացնում: Ըստ պետքարտուղարության խոսնակի, Լուգանսկում և Դոնեցկում տեղի ունեցողը «կասկածներ չի թողնում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ»:
Վաշինգտոնը նաև պնդում է Դոնբասի սահմանին ռուսական զորքերի ավելացման մասին:
«Ռուսաստանը շարունակում է բարձր մակարդակով սատարել Ուկրաինայի սահմանին ռազմական ներկայացվածությունը, իսկ հիմա այնտեղ է ուղարկում լրացուցիչ զորքեր: Դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանն ապահովում է իր զորքերի ներկայացվածության ամենաբաձր մակարդակը՝ սկսած 2014 թվականի հոկտեմբերից»,- հայտարարել է Մարի Հարֆը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանել ով պետքարտուղարության պնդումները, հայտարարել է, թե դրանք «իրազեկված չլինելու հետևանք են»: Մասնավորապես, նման պնդումով է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Իգոր Կոնաշենկովը:
Ուկրաինայի Արևելքում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել փետրվարի 15-ին, սակայն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ հրադադարի զանգվածային խախտումներ կան:
Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Կիևը Ռուսաստանին են մեղադրում ուկրաինացիների դեմ պայքարում անջատականներին աջակցելու մեջ, մինչդեռ պաշտոնական Կրեմլը շարունակաբար հերքում է մեղադրանքները;
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.- «Ուկրաինան Ռուսաստանի մերձավոր հարևանն է, ժողովուրդը մեզ համար եղբայրական է, և մենք շատ ենք ցանկանում, որ մեր շատ մերձավոր հարևանությամբ մարդիկ, որոնց լավ ենք վերաբերվում, լավ ապրեն: Եվ, որպեսզի դա տեղի ունենա, Ուկրաինան պետք է մնա ամբողջական»:
Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման պայմաններում ռուսական կողմի հայտարարությունների ֆոնին ուշագրավ է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի քաղաքականությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Պորոշենկոն այսօր ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հանրաքվեի միջոցով պետք է որոշվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
«Դա հիմնավոր հարց է: Հանրաքվե կանենք, մարդիկ կորոշեն»,- Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ասել է Պորոշենկոն: Նա նաև ավելացրել է՝ Ուկրաինան կուզեր ունենալ այնպիսի հարևան, ինչպիսին Ֆրանսիան է, բայց հարևանը Ռուսաստանն է:
Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Եվրոպան չի կարող ամբողջական լինել առանց Ուկրաինայի: Ըստ նրա, Ուկրաինան պետք է կատարի եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ:
Նախօրեին Պետրո Պորոշենկոն հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Քննարկմա թեման եղել է Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորություններն ու Ուկրաինայի արևելքում ներկայումս տիրող իրավիճակը: