Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, թե չի խոչընդոտել Բոսնիայի սերբերի առաջնորդի երևանյան ուղևորությանը


Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը, արխիվ:
Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը, արխիվ:

Պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է պնդումները, թե Թուրքիան փակել է իր օդային տարածքը Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան մեկնող Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի օդանավի համար: Այս մասին երեկ երեկոյան հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը:

«Մամուլում հայտնված տեղեկությունները, թե Թուրքիան իբր արգելել է Բոսնիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետության ղեկավարի ինքնաթիռին օգտվել մեր երկրի օդային տարածքից, իրականությանը չեն համապատասխանում: Բոսնիայի իշխանությունները մեզ նման խնդրանքով ընդհանրապես չեն դիմել», - հայտարարել է թուրքական արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Բոսնիայի Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա-Լուկայից տրամագծորեն հակառակ պնդումներն են հնչում: Այդպես էլ Երևան չհասնելով` Բոսնիայի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկը երեկ երեկոյան հենց օդանավակայանում հավաքված լրագրողներին այսպես ներկայացրեց տեղի ունեցածը․ - «Մենք վերադարձանք, քանի որ շուրջ չորս ժամ Բուլղարիայում սպասելուց հետո, մեզ միանշանակորեն ասվեց, որ Թուրքիայի օդային տարածքը փակ է: Քանի որ եղանակային պայմանները գնալով վատթարանում էին, նաև մութն էր ընկնում, մենք ստիպված եղանք վերադառնալ Բոսնիա: Ակնհայտ է, որ նոր խոչընդոտներ էին ի հայտ եկել, որոնց մասին մենք կարող ենք միայն ենթադրել»:

Դոդիկը հավելել է, որ թուրքական իշխանությունները իրենց օդային տարածքն օգտագործելու թույլտվություն ի վերջո տրամարդրել էին․ - «Մենք դրա մասին իմացանք միայն Բանյա Լուկա վերադառնալուց հետո: Ենթադրում եմ, որ այդ թույլտվությունը չէր տրվի, եթե մենք շարունակեինք սպասել Բուլղարիայում»:

Բոսնիայի Սերբական Հանրապետության նախագահական ինքնաթիռի հրամանատար Սրետեն Իլիչը ևս լրագրողներին որոշ հավելյալ մանրամասներ է հաղորդել․ - «Դա ուղիղ չվերթ չէր դեպի Երևան, ուստի մենք վայրէջք կատարեցինք Բուրգասի օդանավակայանում: Վառելիքի վերալիցքավորումից հետո, երբ արդեն պատրաստվում էինք ուղղություն վերցնել դեպի Երևան, բուլղարական իշխանությունները մեզ հայտնեցին, որ մեզ իրավունք չի տրվել մուտք գործել Թուրքիայի օդային տարածք»:

Չհաջողված ուղևորության ավարտին Բոսնիայի սերբերի առաջնորդը կրկին խոսել է Հայոց Ցեղասպանության մասին․ - «Չեմ ցանկանում որակումներով հանդես գալ, սակայն հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերի կողմից ուղղափառ քրիստոնյա հայերի դեմ ահավոր հանցագործություն է իրականացվել: Այդ իրադարձությունների ընթացքում մեկևկես միլիոն հայեր են սպանվել` այդ թվում կանայք և երեխաներ: Փաստ է նաև, որ Թուրքիան չի ցանկանում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչել»:

Միլորադ Դոդիկը, ի դեպ, դեռ 2011 թվականի դեկտեմբերին է հանդես եկել Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Երեք տարի առաջ նա հայտարարել է․ - «Որևէ կասկած չկա, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել: Մեկուկես միլիոն մարդ դաժանաբար սպանվել է։ Եթե մենք ընդհանուր վերլուծություն կատարենք, ապա պարզ կդառնա, որ թուրքերը նաև սերբերի ցեղասպանություն են իրագործել այն դարաշրջանում, երբ այս տարածքները նրանց տիրապետության տակ էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG