Հայկական Սփյուռքի, Հայաստանի ռեսուրսները հարկավոր է կենտրոնացնել Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած վնասների փոխհատուցման ուղղությամբ, կարծում է սփյուռքահայ գործիչ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Ճանաչում մենք չենք ուզում, ճանաչում ունենք արդեն՝ Ամերիկան բազմիցս ճանաչել է Ցեղասպանությունը: Կոնգրեսն արդեն վավերացրել է 2 անգամ՝ 75 թվականին, 84 թվականին: Ամերիկայի նախագահ Ռեյգանը արդեն ստորագրել է պաշտոնական հռչակագիր 81 թվականին: Այդ բոլորը ունենք մենք: Պետք է մենք հայտարարենք որ հաղթել ենք, ճանաչումը ստացել ենք, և հայտարարենք այլ՝ ավելի կարևոր հարցեր», - «Ազատություն TV»-ի եթերում հայտարարեց Սասունյանը: - «Մեր ժողովուրդը մեկ բան չի հասկանում, որ Ցեղասպանության դեպքը ճանաչելը ոչ մի բան չի տա մեզ՝ գիտենք, որ Ցեղասպանություն եղել է: Ինչո՞ւ ենք սպասում, որ Ամերիկայի ինչ-որ մարդ պետք է ասի, որ Ցեղասպանություն եղել է: Ավելին ասեմ՝ մեզ նույնիսկ չի հետաքրքրում, որ Թուրքիան ինքը Ցեղասպանություն ասի», - հավելեց սփյուռքահայ գործիչը:
Սասունյանի խոսքով՝ 100 տարի Ցեղասպանության ճանաչում հետապնդելու փոխարեն հարկավոր է ռեսուրսները կենտրոնացնել «մի նպատակի համար, որ առիթը կա՝ շանս ունենք, որ հաջողացնենք»:
«Կարևորը այն է, որ այդ ամենը, ինչ կորցրել ենք որպես Ցեղասպանության զոհեր, մեր զոհերը՝ որոնց համար պետք է հատուցում վճարվի, մեր դպրոցները, եկեղեցիները, պահանջատիրությունը: Եվ դա պետք է անել իրավական՝ դատարանի միջոցով: Դա է մեր պահանջները, ինչ-որ կորցրել ենք, պետք է դեռ ստանանք», - վստահ է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: