«Գազպրոմ»-ի վերաբերյալ Եվրահանձնաժողովի երեկվա եզրակացության պնդումներին միացել է ուկրաինական «Նավթոգազ»-ը:
«Եվրամիության տարածքում «Գազպրոմ»-ի գործունեությունը էական վնաս է հասցնում մրցակցությանը», - հայտարարել է ուկրաինական ընկերության ղեկավար Անդրիյ Կոբալյովը:
«Նավթոգազ»-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. - «Եվրահանձնաժողովի եզրակացությունը լուրջ քայլ է Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ, քանի որ Եվրամիության տարածքում «Գազպրոմ»-ը չի նպաստում լիարժեք մրցակցությանը»: Ընկերությունը նաև փաստել է, որ երկար տարիների ժամանակահատվածում բախվել է ինչպես Եվրամիության, այնպես էլ Ուկրաինայի տարածքում «Գազպրոմ»-ի մենաշնորհային քաղաքականությանը:
Երեկ Եվրահանձնաժողովի՝ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը, ամփոփելով ավելի քան երկու տարի տևած հետաքննության արդյունքը, հայտարարել էր, թե «Գազպրոմ»-ը խախտում է հակամենաշնորհային կանոնները, Արևելյան Եվրոպայի տարածքում գազի անհիմն բարձր սակագներ է սահմանում:
«Գազպրոմ»-ը ազատ գազամատակարարման համար կարող է արհեստական արգելք ստեղծել Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների համար, որը հակասում է ազատ մրցակցությանը», - մասնավորապես գնահատել էր Վեստագերը:
Եվրահանձնաժողովի՝ մրցակցության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ «Գազպրոմ»-ը գերիշխող դիրք է զբաղեցրել Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Չեխիային, Սլովակիային, Հունգարիային և Բուլղարիային գազ մատակարարելու հարցում:
«Գազպրոմ»-ը ի պատասխան պնդել է, թե խստորեն պահպանում է միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բոլոր նորմերը բոլոր այն երկրներում, որտեղ գործում է:
«Գազպրոմ»-ի պնդումներից հետո Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես դիմել է երկրի հակամենաշնորհային հանձնաժողովին՝ պահանջելով սկսել հետաքննություն «Գազպրոմ»-ի տնտեսական քաղաքականության կապակցությամբ: Այդ նախաձեռնության մասին է հայտնել վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա նշել է, որ «Գազպրոմ»-ը վնաս է հասցնում ուկրաինական տնտեսությանը: Յացենյուկը տեղեկացրել է, որ երեկ ավարտել է արդարադատության, նաև՝ էներգետիկայի նախարարությունների տրամադրած նյութերի ուսումնասիրությունը:
Ուկրաինայի վարչապետը նաև դիմել է Եվրամիության անդամ մյուս երկրներին՝ «Գազպրոմ»-ի մենաշնորհային քաղաքականության կապակցությամբ հետաքննություն սկսելու հարցով: