Մատչելիության հղումներ

Թուրքիայի ասորիները պահանջում են ճանաչել 1915-ի ասորիների ցեղասպանությունը


Իրաքի ասորիները իրենց Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, 1-ը ապրիլի, 2014թ․
Իրաքի ասորիները իրենց Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, 1-ը ապրիլի, 2014թ․

Թուրքիայում բնակվող մոտ երեք տասնյակ ասորիներ արդեն երրորդ օրն է հացադուլ են անցկացնում երկրի հարավ-արևելքում գտնվող Միդյաթ քաղաքում` պահանջելով ճանաչել 1915 թվականին հայերի կոտորածին զուգահեռ երիտթուրքերի կողմից իրականացված ասորիների ցեղասպանությունը:

Հացադուլը մեկնարկեց երկուշաբթի օրը` Ասորական ընկերակցությունների համադաշնության տեղական գրասենյակում:

«Այսօր մեկնարկած հացադուլը կշարունակվի մոտ չորս օր, ավելի հստակ՝ ուղիղ 100 ժամ: Դրա նպատակը 1915 թվականին իրականացված ցեղասպանության վրա հանրային ուշադրությունը կենտրոնացնելն է: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ուենցավ ասորիների, հայ ժողովրդի, Պոնտոսի հույների հետ, ցեղասպանություն էր», - հայտարարում էր ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ասորիների զանգվածային կոտորածները իրականացվել են Հայոց ցեղասպանությանը զուգահեռ: Արևմտյան մի շարք պատմաբանների պնդմամբ՝ 1915 թվականի ամառվանից մինչև տարեվերջ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջաններում առնվազն 150 հազար ասորի է սպանվել․ որոշ աղբյուրներ մատնանշում են 275, երբեմն նաև՝ 300 հազար թվերը: Իրենք ասորիները 1915 թվականի իրադարձությունները անվանում են «Սայֆո»՝ թարգմանաբար՝ «Սուր»:

«Սայֆոն տեղի է ունեցել այս հողի վրա: Դա մեր դեմ իրականացված ցեղասպանություն էր: Հենց Սայֆոն է պատճառը, որ մեր ներկայաությունն այս տարածքում այլևս չի զգացվում: 1915 թվականի իրադարձությունները ծանր հարված էին բոլոր քրիստոնյաների համար», - «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է Ասորական ընկերակցությունների համադաշնության ղեկավար Էրգիլ Թյուրքերը:

Ի դեպ, «Ակոս»-ի տեղեկություններով՝ ասորիներն իրենց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը բավական ուշ են սկսել: Հիշատակի առաջին միջոցառումները կազմակերպվել են 1998 թվականին` Շվեյցարիայում: Մինչ օրս ասօրիների հետ 1915 թվականին կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել է աշխարհի միայն երկու պետություն` Շվեդիան և Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG