Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ընդդիմադիրները բարձրաձայնում են ճնշումների ու խախտումների մասին


Ղարաբաղում ընդդիմադիրները բարձրաձայնում են ճնշումների ու խախտումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Լեռնային Ղարաբաղի՝ մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը հայտարարում են ճնշումների ու Ընտրական օրենսգրքի խախտումների մասին:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Տիգրան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրենց նախընտրական հանդիպումները տարբեր հիմնարկներում անհասկանալի պատճառներով տապալվում են:

«Օրերս մենք հանդիպում պետք է ունենայինք Արցախի պետական համալսարանում և նախօրոք պայմանավորվել էինք դահլիճի համար, սակայն երբ մենք հանդիպումից մեկ ժամ առաջ զանգահարեցին ռեկտորատ և ահազանգեցինք, որ ուսանողները և դասախոսները տեղեկացված չեն հանդիպման մասին, նրանք նշեցին, որ տեղեկացնելը նրանց ֆունկցիան չէ: Միևնույն ժամանակ երբ մեր համակիրները սկսեցին տեղեկացնել ուսանողներին ու դասախոսներին, նրանք նշեցին, թե դա միայն ռեկտորատի ֆունկցիան է»,- պատմեց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ ստիպված են եղել նաև հրաժարվել նախընտրական շտաբի համար վարձակալած տարածքից, սեփականատերը խնդրել է ազատել այն՝ պնդելով, թե հակառակ դեպքում ինքն ու ընտանիքը կկանգնեն խնդիրների առջև: Ըստ ընդդիմադիրների, ճնշումների են ենթարկվում նաև կուսակցության համակիրները:

«Օրինակ, Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղի բնակիչ Սուրեն Զաքարյանին նույն գյուղի գյուղապետը փոխանցել էր շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի սպառնալիքները: Նա սպառնում էր Սուրեն Զաքարյանին, որ եթե ինքը իր ձայնը տա «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, ապա լուրջ խնդիրներ կունենա: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները քարոզարշավի ընթացքում գրեթե ամեն օր հանդիպում են մեր համակիրների հետ և տարբեր սպառնալիքներ հնչեցնում, «բարի խորհուրդներ» տալիս և ստիպում, որպեսզի նրանք չաջակցեն, չաշխատեն «Ազգային վերածնունդ» կուսակցության համար»,- ասաց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։

«Խաղաղություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Վարուժան Գաբրիելյանն էլ այլ խախտումներ է մատնանշում . որոշ համայնքներում անվճար տեղեր հատկացված չեն՝ պաստառներ փակցնելու համար, ոստիկանության հրապարակած ընտրացուցակներում էլ հազարից ավելի անճշտություններ են հայտնաբերել: Այժմ էլ շարունակում են շրջել հասցեներով՝ ընտրողների իրական թիվը ճշտելու համար:

«Երբ մենք տեսակավորեցինք էլեկտրոնային բազայի մեջ, ֆիքսեցինք, որ համակարգիչը հեռացնի կրկնվող կամ սխալ տեղեկություններ պարունակող տողերը, պարտադիր պետք է լինի ծննդյան տարեթիվ, անուն, ազգանուն, հայրանուն: Եթե այլ բան բացակայում է կամ ավելի է, պետք է համակարգիչը հեռացնի, կան նաև դատարկ տողեր, տողը համարակալված է, բայց դատարկ է: Այդպես տեխնիկական աշխատանքով մենք հեռացրինք 1124 սխալ, իսկ մնացածը մենք ձեռքով ենք անում, ըստ ընտրացուցակների՝ դիմացը գրանցում ենք, հետո բազան նորից կթարմացնենք»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա կարծիքով՝ այս խնդիրներից ոչ պակաս կարևոր է նաև հանրության վերաբերմունքը առաջիկա ընտրությունների նկատմամբ: Նա հանրության կողմից համատարած անտարբերություն է նկատում:

«Ինչքան հեռանում ենք դեպի գյուղեր, այնքան ավելի շատ [անտարբեր են], որովհետև մարդիկ վերջին բոլոր ընտրություններում քանի անգամ իրացրել են իրենց ընտրական իրավունքը, դրանից հետո այդ մարդկանց չեն տեսել, ընդհանուր սոցիալ տնտեսական վիճակը ազդում է այդ բոլոր մարդկանց վրա, և ուղղակի չկա որևէ համոզմունք, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ-որ բան փոխել»,- ասաց Գաբրիելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG