Սերբական ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են, որ ապրիլի 17-ին Վատիկան ուղևորվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ Բելգրադ այն բանից հետո, երբ ինքնաթիռի երկրորդ օդաչուն սխալմամբ սուրճ է լցրել ինքնաթիռի կառավարման վահանակի վրա:
Երբ երկրորդ օդաչուն փորձել է մաքրել կառավարման վահանակը, իրավիճակն ավելի է վատթարացել՝ ֆրանսիական արտադրության Dassault Falcon 50 ինքնաթիռի շարժիչներից մեկն անջատվել է, ինքնաթիռը սկսել է ընկնել: Ի վերջո օդաչուին հաջողվել է վերականգնել ինքնաթիռի կառավարումը և ապահով վայրէջք կատարել Բելգրադում:
Միջադեպի հետևանքով նախագահ Նիկոլիչը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Վատիկանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: