Ինչպես և երեկ, այսօր ևս Քննչական կոմիտե է հրավիրվել Ժիրայր Սեֆիլյանից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը ղեկավարող Ալեք Ենիգոմշյանը, նրան հարցաքննել են։ Փաստաբան Հայկ Գրիգորյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործի շրջանակներում Քննչական կոմիտե են հրավիրվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի մի շարք այլ անդամներ, որոնց կհարցաքննեն առաջիկա օրերին։
Ավելի վաղ այսօր առավոտյան ոստիկանություն են տարել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անի Նավասարդյանին: Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Անին ոչ թե բերման է ենթարկվել, այլ նրա նկատմամբ «վարչական բերում է իրականացվել»՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածով՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար, ինչի համար նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Անի Նավասարդյանը մինչդեռ «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ինքը կոնկրետ որևէ մեկին չի վիրավորել։
«Մի քանի ոստիկան՝ թվով մեզնից շատ, եկան թմբուկը ուզեցին վերցնեն: Ես ասացի՝ դա իմ անձնական իրն է, իրավունք չունեք, ի՞նչ իրավական հիմքով եք վերցնում: Որևէ իրավական պահանջ չի եղել, թմբուկը քաշքշելով տարան, հետո ես շարունակեցի պահանջել, որ ինձ օրենք ներկայացրեք՝ ինչի հիման վրա եք տանում: Ինձ էլ բերման ենթարկեցին», - պատմեց Անի Նավասարդյանը:
Նավասարդյանը պնդում է, որ ոստիկանական բաժին տեղափոխելու ճանապարհին իրավապահներն են իրեն վիրավորել է: Նույնը շարունակվել է նաև բաժանմունքում։
«Տեսուչը՝ Սուքիասյանը, սկսեց ինձ հարցեր տալ, ես ասացի, որ որևէ հարցի չեմ պատասխանի, կանգնեց ոտքի, բղավեց: Ես փորձեցի դուրս գալ սենյակից, սկսեց ինձ քաշքշել, ուսապարկիցս, ու հետո ժակետիցս քաշքշեց, ես էդտեղ ուղղակի բարձրաձայն սկսեցի գոռալ: Իմ ձայնի վրա մարդիկ եկան, էդպես տեղափոխեցին», - պատմեց Նավասարդյանը:
ՀԽ անդամն ասաց, որ բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտից՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ակցիայի ժամանակ։ Արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ են արձակել։
Փոխարենը արդեն մոտ երկու շաբաթ կալանավորված ընդդիմադիրները կշարունակեն մնալ ճաղերի հետևում։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի՝ կալանքի որոշումը փոխելու բողոքը։ Վերջին երկու օրերի ընթացքում դատարանը մերժել էր նաև Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի և Արամ Հակոբյանի գործերով բողոքները։
Գևորգ Սաֆարյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, արդեն մեկ շաբաթ է հացադուլ է իրականացնում։ Երեկ նրան են այցելել քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության իրականացնող դիտորդատակն խմբի անդամները, ովքեր քիչ առաջ հրապարակած հաղորդագրությամբ տեղեկացնում են՝ ընդդիմադիր ակտիվիստը պահման պայմաններից չի բողոքել, և մտադիր է շարունակել հացադուլը։
Կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով այսօր «Հայ կանանց ճակատ»-ի մի քանի անդամներ բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ: Սեֆիլյանի նկարներով, պաստառներով ու փուչիկներով ցույցը, սակայն, ոստիկանությունը խոչընդոտել է՝ պնդելով, որ այդ վայրում ակցիա իրականացնել չի թույլատրվում։
«Գողացան մեր ձեռքից պաստառները: Ոստիկաններ էին և կապույտ բերետավորներ: Փուչիկները պայթացրեցին», - պատմեց կանանցից մեկը: