Սպիտակ տունը հայտարարել է, որ Երևանում ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում Միացյալ Նահանգները ներկայացված է լինելու նախագահական պատվիրակությամբ, որը կգլխավորի ԱՄՆ-ի գանձապետարանի քարտուղար-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայոց մեծ եղեռնը բնորոշելիս ցեղասպանություն բառը չի օգտագործի: Այս մասին Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հայտնել են Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ընդգծեց, որ նման որոշումն իրենց հիասթափեցրել է. - «Մենք ակնկալում էինք, որ նախագահն անկեղծ և վստահ կխոսի Հայոց ցեղասպանության մասին»:
Արդունիի խոսքով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Ցեղասպանության ճանաչումը և Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիային ուղղված կոչը ճանապարհ էին հարթում նաև նախագահ Օբամայի կողմից ցեղասպանության ճանաչման համար՝ մի բան, որն այս տարի նույնպես տեղի չի ունենա․ - «Դա լուրջ հետքայլ է մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
Նշենք, որ Սպիտակ տան բարձրաստիճան մի ներկայացուցիչ «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, թե Սպիտակ տունը գիտակցում է, որ այս հարյուրամյա տարելիցը մեծ նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ժամանակակից վայրագությունների դեմ:
«Մենք տեղյակ ենք և հարգում ենք այն, որ ոմանք այս տարի հույս ունեն այլ խոսքեր լսել: Մենք հասկանում ենք նրանց տեսակետը՝ չնայած, մեր կարծիքով, նախորդ տարիներին կիրառված մեր մոտեցումն արդարացված է, քանի որ թույլ է տալիս ընդունելով անցյալը՝ շարունակել աշխատել տարածաշրջանային մեր գործընկերների հետ, փրկելով կյանքեր ներկայում», - նշել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգների իշխանության այլ ճյուղեր ամբողջությամբ չեն կիսում գործադիր իշխանության մոտեցումն այս հարցում: Այսպես, կոնգրեսական Ադամ Շիֆը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Բարաք Օբաման տիրապետում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական բոլոր փաստերին և անկեղծ խոսել է այդ հարցի շուրջ դեռևս որպես սենատոր:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա կոնգրեսականը լավատես է: «Ես իմ կողմից կարող եմ շարունակել պայքարել և հավատում եմ, որ ներկայիս նախագահը, իսկ եթե ոչ, ապա անպայման հաջորդը, այս Կոնգրեսը կամ հաջորդը կճանաչեն Ցեղասպանությունը, որովհետև փաստերն անհերքելի են», - ասաց Շիֆը:
Նշենք, որ Բարաք Օբաման խնդրել է Ջեյքոբ Լյուին ղեկավարել նախագահական պատվիրակությունը և Երևանում ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում ի նշան համերաշխության կանգնել հայ ժողովրդի կողքին: