Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է Ներկայացուցիչների պալատում մեկ ժամվա ընթացքում ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի անուններ:
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի անունները կարդալու որոշումը, Շիֆը պատասխանեց. - «Գործընկերներիս հետ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ինձ համար պարզ դարձավ, որ 1.5 միլիոն զոհերի սարսափելի թիվը հեշտ չէ լիարժեք գիտակցել: Դժվար է գիտակցել, որ յուրաքանչյուրը մի անկրկնելի կյանք էր, դա վիճակագրություն կամ վերացական թիվ չէ, դա 1.5 միլիոն հայրեր ու մայրեր, քույրեր ու եղբայրներ էին, որոնց կյանքի թելերը կտրել են: Զոհերի մի մասի անունները կարդալով (իսկ ես կփորձեմ գոնե 1500 զոհի անուն կարդալ)` որպես 1.5 միլիոնի մասնիկ, ես հույս ունեմ բոլորին ցույց տալ, որ նրանցից յուրաքանչյուրը հիանալի և անկրկնելի կյանք էր, որը ոչնչացվել է»:
Օրերս Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե Ցեղասպանության ճանաչումը բարոյապես խնդրահարույց է: Հարցին, թե դրա մեջ բարոյական ի՞նչ խնդիր է տեսնում, Շիֆը պատասխանեց. - «Դա երևի թե Օրուելի ոճով արված վատագույն երկիմաստ հայտարարություններից մեկն է: Բարոյապես խնդրահարույց է հերքել Ցեղասպանությունը: Ինչպես ասել է Էլի Վիզելը, «Ցեղասպանության հերքումը Ցեղասպանության եզրափակիչ քայլն է, որը նման է կրկնակի սպանության»: Բարոյական պահանջը միանշանակ է՝ մեզ դժվար կլինի դատապարտել որևէ ցեղասպանություն ու դաժանություն, եթե հրաժարվենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Հարցին, թե նկատե՞լ է ամերիկյան դիրքորոշման փոփոխություն այս հարցի վերաբերյալ, Շիֆը պատասխանեց, որ վատ չէր լինի, որ որոշ փոփոխություններ լինեին․ - «Որովհետև դա կնշանակեր, որ մենք դեպի ճանաչում ենք շարժվում»: «Այսօր առկա է խնդրի անհամեմատ ավելի բարձր գիտակցում՝ ինչպես ամերիկյան ժողովրդի շրջանում, այնպես էլ Կոնգրեսում: Փաստերն այլևս չեն հերքվում։ Սակայն ես լավատես եմ, ես հավատում եմ, որ դա տեղի կունենա, և Միացյալ Նահանգները կընդունի Ցեղասպանությունը: Նույնիսկ Թուրքիայի հասարակությունն այն կճանաչի: Ավելացնեմ միայն, որ ցանկալի կլիներ, որ այդ ճանաչումը հնարավորին չափ արագ տեղի ունենար, քանի դեռ ողջ են Ցեղասպանությունը վերապրած մարդիկ», - հայտարարեց ամերիկացի կոնգրեսականը: