Այսօր Հայոց ցեղասպանության արդեն հիմնանորոգված թանգարան–ինստիտուտը իր դռները բացեց նախ լրագրողների հոծ խմբի առջև, իսկ հետո տեղի ունեցավ թանգարան-ինստիտուտի պաշտոնական բացումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Հանրության համար թանգարան-ինստիտուտը իր դռները կբացի ապրիլի 25-ից, իսկ ապրիլի 24-ին նորաբաց 12 սրահները այցելելու հնարավորություն կունենան միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու օտարերկրյա հյուրերը:
Լրագրողներին բոլոր սրահներով ուղեկցելով ու հանգամանալիորեն ներկայացնելով նոր ցուցադրության հայեցակարգը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտեց, որ վերջին 7-8 տարիների ընթացքում թանգարանում մեծ քանակությամբ նոր նյութեր են հավաքվել․ - «Այդքան նյութ մենք հավաքել ենք, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարաններ պատրաստել»:
«Ազատության» հարցին, թե ինչ միջոցներով է կատարվել թանգարան-ինստիտուտի վերանորոգումը և որքան գումար է ծախսվել, Դեմոյանը պատասխանեց․ - «Շինարարության համար ծախսվել է 4.5 միլիոն դոլար: Շնորհակալություն պետք է հայտնենք բարերարներին: Հատկապես ուզում եմ նշել Գաբրիել Ջեմբերջյանին, Ռալֆ Յիրիկյանին: Թանգարանի հավաքածուն մշտապես հարստացնելու համար աջակցություն ցույց տված Ջևան Չելոյանցին՝ մոսկվայաբնակ մեր հայրենակցին: Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվել: Միայն հովանավորների և բարերարների աջակցությամբ է կատարվել»:
Հիմնանորոգվել է թանգարանի նախկին շենքը, ավելացվել են ևս երկու խոշոր մասնաշենքեր, որտեղ նախկին 3 ցուցասրահների փոխարեն այցելուները այժ 12 նորաբաց սրահներում անչափ տպավորված են լինելու արխիվային փաստաթղթերից՝ լուսանկարներից, ականատեսների աուդիո և վիդեո վկայություններից, մի խոսքով՝ այն ամենից, ինչ կտեսնեն անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին պատուհասած այն մեծ ողբերգության վերաբերյալ, որ մոտ երկու միլիոն հայի կյանք խլեց, նույնքան էլ, գուցե ավելին, սփռվեցին ողջ աշխարհում կամ էլ տեղում բռնի իսլամացվեցին:
«Եվ եթե ուշադիր նայեք, առաջին տեսողական նյութը սկսվում է 1707 թվականին Կոմիտաս քահանայի գլխատման տեսարանով: Կոմիտաս քահանա կար Պոլսում, որին մեղադրանք տվեցին և առաջարկեցին, որպեսզի նա իսլամ ընդունի: Նա հրաժարվեց և գլխատվեց․․․ Ինչո՞վ կավարտվի այս ճանապարհը: Խորհուրդը, խորհրդանշանը այս պաստառի, դա ճանապարհն է, հայ ժողովրդի ճանապարհն է, որը խորդուբորդ է»:
1916 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, քաջատեղյակ այն ամենին, ինչ կատարվում էր այդ օրերին հայ ժողովրդի հետ, գրել է․- «Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ նման սարսափելի դրվագ չկա»: