Մատչելիության հղումներ

Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը կրել է 25 միլիարդ եվրոյի վնաս


Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը կրել է 25 միլիարդ եվրոյի վնաս
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ ճգնաժամը չի փոխի Ռուսաստանի մտադրություները:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կրել է 25 միլիարդ եվրոյի վնաս:

«Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ վերադարձնելու հետևանքների համար պատասխան է տալիս և կառավարությունը, և խորհրդարանը, և ամբողջ երկիրը»,- Կառավարության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ Պետական դումայում ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Արտաքին լուրջ ճնշումները մեր երկրի վրա անցյալ տարի Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ վերադարձնելու արդյունքն էր: Եվ դա միակ հնարավոր տարբերակն էր: Մենք՝ բոլորս, և երկիրը, և կառավարությունը, և խորհրդարանը, աջակցել ենք՝ գիտակցելով հնարավոր հետևանքները: Եվ հիմա միասին պատասխան ենք տալիս տնտեսական խնդիրները նվազագույնի հասցնելու, սոցիալական կայունության համար և հանուն Ռուսաստանի բարօրության»,- ասել է վարչապետը:

Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ ներկա իրավիճակից Ռուսաստանը խուսափել չէր կարող: Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ և ընդհանրապես 20-րդ դարում առաջին անգամ է Ռուսաստանը հայտնվել «միանգամից երկու, այսպես ասած, արտաքին ցնցումների ազդեցության տակ՝ նավթի գնի կտրուկ անկում և աննախադեպ կոշտ ճնշում՝ պատժամիջոցներով»։

Ղրիմի բռնակցման հետևանքով Ռուսաստանի տնտեսական խնդիրների կապակցությամբ Մեդվեդևը նաև հուշել է, թե ինչպես պիտի կառավարությունը դիմակայի իրավիճակին:

«Եթե արտաքին ճնշումներն ուժեղանան, նավթի գները երկար ժամանակ մնան շատ ցածր, մենք պետք է տնտեսությունը զարգացնենք այլ իրականության մեջ։ Եվ դա կլինի այն իրականությունը, որի պայմաններում բոլորը կսկսեն սովորել աշխատել՝ կարգավորելով մեր երկրի զարգացման բարդ և պատասխանատու խնդիրները»,- ասել է նա։

ՌԴ վարչապետը Ղրիմի վերադարձը համեմատել է Բեռլինի պատի փլուզման հետ.- «Շատերի համար Ղրիմի վերադարձը պատմական արդարություն էր, որը համահունչ է Բեռլինի պատի փլուզմանը և Գերմանիայի միավորմանը կամ Հոնկոնգն ու Մակաոն Չինաստանին վերադարձնելուն»։

Նման պահերը, ըստ Մեդվեդևի, միշտ էլ ունենում են «աշխարհաքաղաքական տարաձայնություններ»։

Չնայած Ղրիմի բռնակցումից հետո միջազգային հանրության ճնշումներին և Ռուսաստանի տնտեսության կրած վնասներին, Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ ճգնաժամը չի փոխի կառավարության մտադրություները:

«Ռուսաստանի զինված ագրեսիան»

Իսկ Ուկրաինայի խորհրդարանն այսօր հայտարարությամբ է դատապարտել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ագրեսիան:

«Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ սկսվել է 2014 թվականի փետրվարի 20-ին, երբ արձանագրվեց Ուկրաինայի պետական սահմանները խախտելու՝ ռուսական զորքերի գործողությունների առաջին դեպքը»,- ասված է հայտարարությունում։

Ուկրաինայի խորհրդարանը Ռուսաստանի վերաբերյալ «ագրեսիվ երկիր» բնորոշումը կիրառել էր նաև 2015 թվականի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG