Մատչելիության հղումներ

Վերժինե Սվազլյան․ Փրկվելու հույս ոչ ոք չուներ


«Ազատության» զրուցակիցն է մեր լավագույն ցեղասպանագետներից մեկը՝ «Ականատեսների վկայություններ» ծավալուն հետազոտության հեղինակ Վերժինե Սվազլյանը:

Ավելի քան հազար էջանոց այս գիրքը, որը հրատարակվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև թուրքերեն, ամփոփում է Մեծ եղեռնի մասին ոչ միայն հայ, այլև օտարազգի ականատեսների վկայությունները:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց զավակները կարողացել են նշանակալի հաջողությունների ու համաշխարհային ճանաչման հասնել արվեստի, գրականության գիտության բնագավառում: Մինչդեռ այն դժնդակ օրերին, ինչպես ասաց Սվազլյանը, ոչ ոք փրկության հույս չուներ․ միայն նրանք, ովքեր պարտադրաբար իսլամացվեցին և դադարեցին հայերեն խոսել:

Սվազլյանը մեջբերում է Ցեղասպանության ականատեսների այսպիսի վկայություններ․ - «Հայերեն խոսողների լեզուները ծայրատել են: Ես գրի առած ունեմ ժողովրդական մի երգի պառատիկ, որտեղ ասվում է՝ Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին //Վայ աման// Բերանը բացեցին, լեզուն կտրեցին// Ախ աման․․․ Որովհետև վարժուհին հանդգնել էր հայ երեխաներին հայերեն սովորեցնել: Իմ գրի առած հուշերի մեջ կան վկայություններ, որտեղ ասում են, որ Կիլիկիայի տարբեր վայրերում արգելված էր հայերեն խոսելը: Ովքեր հայերեն էին խոսում, կամ սովորեցնում էին, նրանց կախում կամ սպանում էին»:

«Արաբներ են ընդգրկված այստեղ․․․ ովքեր վկայություն են տալիս․ մենք փոքր էինք, տեսանք, թե ինչպես հայերին բերում էին շղթայված, կապանքներով, բերում էին մինչև Դեր Զորի պարսպի մոտ և սպանում էին զանգվածաբար, - պատմեց Սվազլյանը․ - «Նույնիսկ մեկը ասում է՝ ես նրանց տանում է ուղտի կաթ էի խմացնում, որ մի քիչ ուշքի գան: Բայց նրանք միևնույն է գետին էին ընկնում և հոգիներն ավանդում էին: Բայց նրանցից մեկը աշիրաթներից մեկի կինը դարձավ, և նա այնքան պարկեշտ էր, այնքան պատվախնդրիր․․․ և նա դարձավ իմ սիրելի մայրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG