Միջերկրական ծովում ավելի քան 300 միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվում, տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը։
«Կազմակերպության Հռոմի գրասենյակը նավի խորտակաման մասին ազդանշան է ստացել։ Տեղեկություն փոխանցող անձը հաղորդել է, որ նավը կործանվում է, և որ իր հաշվարկներով, այն մոտ 300 ուղևոր ունի», - ասել է Միգրացիայի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը՝ նշելով, որ նավում գտնվող 20 ներգաղթյալներ զոհվել են։
Հիշեցնենք, անցած գիշեր Լիբիայի ափամերձ տարածքում խորտակվել էր փախստականներ տեղափոխող ևս մեկ նավ: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավաբեկության հետևանքով շուրջ 700 մարդ կարող է խեղդված լինել: Իտալացի փրկարարներին հաջողվել է փրկել 28 մարդու։ Փոքր նավը լեփլեցուն է եղել դեպի Իտալիա մեկնող փախստականներով: Անցած շաբաթ էլ մեկ գերբեռնված նավ էր խորտակվել, որի ուղևորները՝ շուրջ 400 մարդ, հավանաբար նույնպես զոհվել են: