Մատչելիության հղումներ

Խաչիկ Ավետիսյանը անժամկետ հացադուլ սկսեց օմբուդսմենի գրասենյակի առջև


«Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաք-երթը Ազատության հրապարակում, 17-ը ապրիլի, 2015թ.
«Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաք-երթը Ազատության հրապարակում, 17-ը ապրիլի, 2015թ.

Ազատամարտիկն իշխանություններից պահանջում է ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»։

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվանից անժամկետ հացադուլ սկսեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև։

Ազատամարտիկն իշխանություններից պահանջում է ազատ արձակել, իր բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալներին՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին, խուլիգանության մեջ մեղադրվող ու 1-7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթի ընկերներին, խարդախության մեղադրանքով՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կալանված ակտիվիստներին։

Վաղվանից մինչև ապրիլի 25-ը ազատամարտիկը հացադուլը կանցկացնի իր տանը, իսկ հետո կվերադառնա օմբուդսմենի գրասենյակի մոտ։ «Հացադուլը լինելու է, սակայն առայժմ միայն ես եմ հացադուլ անում։ Վայրը լինելու է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ, որպեսզի անընդհատ մարդու իրավունքների պաշտպանին էլ հիշեցնենք, որ Հայաստանում կա նման պրոբլեմ, կան քաղբանտարկյալներ, և պետք է այդ հարցով զբաղվել», - ասաց ազատամարտիկը։

Ավելի վաղ, Ավետիսյանը հայտարարել էր, թե մի քանի ընկերներով են հացադուլ սկսելու, բայց, ազատամարտիկի փոխանցմամբ, պետական կառավարման համակարգում՝ մասնավորապես Պաշտպանության նախարարությունում աշխատող ազատամարտիկ ընկերները նրան հորդորել են Ցեղասպանության միջոցառումների անցկացման օրերին զերծ մնալ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ անցկացնելուց։ Ինքն էլ մի քանի տասնյակ համախոհների հետ որոշել է բողոքի անցկացման վայրը փոխել ու մինչև ապրիլի 25-ը միայնակ հացադուլ անել։

«Մի շարք ընկերներ, որոնք նույնպես ազատամարտիկ են, սակայն գտնվում են պետական ծառայության մեջ՝ մասնավորապես Պաշտպանության նախարարությունում, ուղղակի խնդրել են, որ մենք չգանք ընդառաջ ելնենք», - ասաց Ավետիսյանը։

Ազատամարտիկը մտադիր է համախմբել հասարակության տարբեր շերտերին, ի վերջո, իշխանափոխության հասնելու համար։ Սակայն ինքն ու իր համախոհները իշխանության գալու մտադրություն չունեն։

Ազատամարտիկն այսօր նաև հայտարարեց՝ թեև համաձայն չէ «Հիմնադիր խորհրդարան»-ի գործելակերպի հետ, այդուհանդերձ, դա իրեն ու իր ընկերներին չի խանգարում հանուն նրանց ազատության հացադուլ անել։

«Մեկ ուժո՞վ են կառավարություն ստեղծում, մեկ ուժո՞վ, դե, չենք միանում, մյուսն էլ չի միանում։ Տես տարբերությունը. նրանք մեկ ուժով են ուզում ստեղծել այդ կառավարությունը, իսկ արդյո՞ք ժողովուրդը ճանաչում է դրանց», - ասաց Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ մինչև մայիսի 28-ը իշխանությունները կկատարեն իր պահանջը։

Լրագրողների հետ զրույցից հետո Ազատության հրապարակից նա շարժվեց դեպի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ որտեղ հանդիպում ունեցավ պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG