Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները նստացույց և հացադուլ կանեն՝ իրենց զինակիցներին ազատ արձակելու պահանջով


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանին բերում են Քննչական կոմիտե, 9-ը ապրիլի 2015թ․
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանին բերում են Քննչական կոմիտե, 9-ը ապրիլի 2015թ․

Ակցիայի նախաձեռնող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի խոսքով, մի քանի տասնյակ ազատամարտիկներ են միացել իր կոչին:

«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներին ազատ արձակելու պահանջով այսօր Ազատության հրապարակում նստացույց և հացադուլ են սկսելու Ղարաբաղյան պատերազմի մի շարք մասնակիցներ: Ուրբաթ օրը «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքում այս մասին հայտարարել է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Նստացույցի և հացադուլի պահանջն է մինչև ապրիլի 24-ը ազատ արձակել ոչ միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին, այլ նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով անցած տարվա հուլիսին վեց տարվա ազատազրկման դատապարտվեց խարդախության մեղադրանքով:

«Ազատության» հարցին՝ արդյոք իշխանությունները կլսե՞ն իրեն, Խաչիկ Ավետիսյանն արձագանքեց․ - «Գիտեք, ամբողջ էս փորձը ցույց է տալիս, որ ոչ, չի լինի, չեն լսի, իհարկե: Կսկսեն հակադարձել, բայց խոսալով և խոսքերով մենք որևէ բանի չենք հասնի: Կոնկրետ գործողություններ են պետք: Կարծում եմ՝ 50-ից ավելի տղաներ կմիանան ինձ»:

Ավետիսյանը նշեց, որ ինքը չի ներկայացնում Ազատամարտիկների դաշինքը, ինքը հացադուլի ու նստացույցի է դիմում որպես անհատ: Իրեն միացած ազատամարտիկները ևս ոչ մի կառույց չեն ներկայացնում:

Հարցին, որ եթե իր զինակիցներն ազատ չարձակվեն, արդյոք ապրիլի 24-ի՞ն էլ կշարունակի գտնվել Ազատության հրապարակում, Ավետիսյանն արձագանքեց․ - «Ապրիլի 24-ին ուղղակի գլուխներս խոնարհած կնստենք: Նույնիսկ դեռ կմտածենք․․․ Ես չեմ ուզում, որ խորհուրդը փոխվի ապրիլի 24-ի: Բայց դրան դիմում են իշխանությունները: Ես Ժիրոյին [Ժիրայր Սեֆիլյանին] էլ էի մեղադրում «Հիմնադիր խորհրդարան»-ի, որ «դուք ձեր գործողություններով ապրիլի 24-ի խորհուրդ եք փոխում», բայց ավելի սխալ վարվեցին իշխանությունները՝ ձերբակալելով: Եվ իսկապես գնում է դրան: Շատ հնարավոր է, որ ապրիլի 24-ին մենք ցրվենք մեր գործերով, 25-ից նորից նստենք, հնարավոր է դա, բայց դեռևս մենք պետք է խոսենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG