Մի քանի ամիս առաջ ֆինանսների նախարարությունը 102 մլն դրամ է վճարել Ucom ընկերությանը՝ այս տարվա ֆիքսված հեռախոսակապի ծառայության համար, արձանագրված է Կառավարության՝ մեկ անձից կատարվող գնումների կայքում:
Այս թիվն ակնառու է դառնում, երբ համեմատում ենք մյուս նախարարությունների հեռահաղորդակցման ծախսերի հետ: Մասնավորապես, մի քանի նախարարություններ բոլորը միասին տարվա կտրվածքով 50 միլիոն դրամ են հատկացրել ոչ միայն ֆիքսված հեռախոսակապից, այլև բջջային, միջքաղաքային, մալուխային հեռուստատեսության ծառայություններից օգտվելու համար: Հատկանշական է նաև, որ առավել քիչ վճարած նախարարությունները օգտվել են այլ օպերատորներից: Ո՞րն է պատճառը, որ «մեգանախարարությունը» կապի ծառայության համար երկու անգամ ավելի շատ գումար է ծախսում, քան մի շարք նախարարություններ միասին վերցված՝ այս հարցի պատասխանը Ֆինանսների նախարարությունից այսօր աշխատանքային օրվա ընթացքում չստացանք:
«Սա առաջին դեպքը չէ, երբ պետական գնումները կազմակերպվում են օրենքը հմտորեն շրջանցելով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, - «Հինգ օպերատորներ կան, որոնց մրցույթի դեպքում կարող էր որևիցե մեկը ավելի ձեռնտու առաջարկ ներկայացներ։ Որպես պետական գնում՝ կարգն էլ է այդպիսին, օրենքն էլ է այդպես նախատեսում, բայց, իհարկե, օրենքը շրջանցելու ձևեր էլ կան, էլի շատ լավ օրինակներ կան։ Այդ գնումներն էլ սովորաբար կատարվում են իշխանության մոտ մարդկանց հետ անմիջապես կապ ունեցող մարդկանց բիզնեսներից։ Նույնն էլ իսկապես այստեղ է, որովհետև իրականում բոլորն էլ գիտեն՝ Ucom-ը ում հետ է կապվում, ում հետ է առնչվում. ֆինանսների նախարարի անվան հետ և կամ իր հետ ազգակցական կամ մերձավոր անձանց հետ»։
2015թ-ի բյուջեով Ֆինանսների նախարարությանը կապի ծառայության համար հատկացված է մոտ 120 միլիոն դրամ, որից 102 միլիոնը նախարար Գագիկ Խաչատրյանը փոխանցել է Ucom-ին, որի բաժնեմասերի 41%-ը պատկանում է իր հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այս պայմաններում ավելորդ է խոսել տնտեսական արդյունավետության մասին. - «Այս պայմաններում, իհարկե, կարող ենք ենթադրել, որ լինեն նաև կոռուպցիոն ռիսկեր, եթե, առավել ևս, որպես պետական գնում մրցույթ հայտարարված չլինի և Ucom-ը ապացուցած չլինի, կամ փաստաթղթերով ցույց տված չլինի, որ ինքը ավելի էժան, մատչելի, որակով ծառայություն է ապահովում, քան մնացած բոլոր օպերատորները»։
Ավելի վաղ, «Հետք» պարբերականի հրապարակումը հիմք ընդունելով, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պարզելու՝ չկա՞ արդյոք շահերի բախում Գագիկ Խաչատրյան - Ucom գործարքային հարաբերություններում: Թեպետ հարցը վարույթ էր ընդունվել, այդուհանդերձ հանձնաժողովը որոշել էր՝ թղթաբանությամբ օրենքի խախտում չկա:
Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հիմա արդեն կարող ենք ասել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին իրենք նախազգուշացնում էին: Ըստ մասնագետի՝ Հայաստանում պետք է ներդրվեն շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հստակ մեխանիզմներ, ինչի համար քաղաքական կամք չկա:
Հոկտանյանը դեռ չի որոշել՝ հերթական անգամ այս խնդրով կդիմի՞ պատճաշ մարմիններին, թե ոչ, քանի որ վստահ է՝ Ֆինանսների նախարարությունն արդեն գրպանում պատրաստի պատասխանը ունի:
«Երբ դու անընդհատ դիմում ես ու դրանից հետո վիճակը չի շտկվում, մնում է ուղղակի հանրությանը դիմել, դոնորներին դիմել ու ցույց տալ այդ ամենը։ Այսքան բան», - ասում է հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը։