Երևանցիների հարկերի հաշվին քաղաքապետարանը մոտ 30 միլիոն դրամով Երևանի կոնյակի գործարանից կոնյակներ է գնել։ Ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, 9 տեսակի թանկարժեք կոնյակներից բացի քաղաքային իշխանությունը ոչ պակաս թանկարժեք տասը բաժակ է գնել՝ յուրաքանչյուրը 100 հազարդրամով։
Մայրաքաղաքում տասնյակ չլուծված խնդիրներ ունեցող իշխանություններն իրենց թույլ են տվել նաև 4 հատ արծաթյա, կիսաթանկարժեք քարերով գավաթ-հուշանվերներ գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով ավելի քան 400 հազար դրամ։ Ինչո՞ւ են մայրաքաղաքի իշխանություններն իրենց նման շռայլություն թույլ տվել՝ «Ազատության» այս և այլ հարցերի քաղաքապետարանում խոստացան պատասխանել առաջիկայում։
Պատասխաններ չունեն նաև մայրաքաղաքը կառավարող ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները։ Նրանց համար ևս այս բացահայտումն անակնկալ է եղել։ «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը պնդեց՝ ավագանու բյուջեում բազմաթիվ են չարդարացված ծախսերն ու շռայլումները, սակայն իրենց ձայնը որոշիչ չէ։
«Այն գումարները, որ ծախսվում են կոնյակի ու բաժակների վրա, ուղղակի ցնցող են, անհասկանալի ծախսեր են։ Երևանն իսկապես խեղդված է խնդիրների մեջ»,- ասաց Սաֆարյանը։
Միակ վերահսկողությունը աուդիտն է, սակայն դա էլ է հարմարեցված իշխանությունների ախորժակին, ասում է ավագանու ընդդիմադիր անդամը և շեշտում՝ քաղաքապետարանն ինքն է ընտրում, թե որ ընկերությունն է ստուգումներ անցկացնելու։
«Մենք որքան էլ ուզենանք ունենալ շատ ավելի անաչառ աուդիտի պատկեր, մենք դա չենք կարող ունենալ, որովհետև օրենքը գրված այնպես, ինչպես իրենց է հարմար, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա կանխել նման գնումները և ծախսերը»,- ասաց Սաֆարյանը։
Քանի դեռ քաղաքապետարանը հանրությանը չի բացատրել, թե որքանով էր արդարացված միլիոնավոր դրամների արժողությամբ կոնյակի ու բաժակների ձեռքբերումը՝ վթարվող վերելակներ, փլուզվող շենքեր ու չկարգավորված տրանսպորտ ունեցող քաղաքում, Սաֆարյանի ու շատերի կասկածները մնում են չփարատված՝ գուցե թղթի վրա գրվածը իրական չէ, գուցե ավելի շատ է ծասխվել կամ էլ ոչինչ չի գնվել, գումարն էլ գրպանել են։
«Ընդհանուր ցուցանիշների, թվերի տարօրինակությունը բազում հարցեր է առաջացնում՝ո՞վ է մատակարարել, միգուցե շահերի բախում կա, միգուցե մատակարարվել է այլ բան, գրվել է այլ բան, ի՞նչ իմանանք՝ ինչ է տեղի ունեցել։ Քաղաքապետարանը ինքը պետք է մանրակրկիտ բացատրություններ և ապացույցներ ներկայացնի»,- ասաց Սաֆարյանը։
«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի գնահատմամբ, իշխանությունները կշարունակեն նման ճոխությունները, քանի դեռ որևէ մեկը չի պատժվել չհիմնավորված ծախսերի համար։ Փորձագետի օրինակները շատ են՝ վարչապետի Քուվեյթ այցը հարկատուների գրպանից տարել էր ավելի քան 23 միլիոն դրամ, դատախազությունն իր աշխատողների համար բնակարաններ էր գրել՝ կրկին հարկատուների հաշվին, Երևանի քաղաքապետարանն էլ մի քանի միլիոն դրամով խնջույք էր կազմակերպել։
«Չնայած նախագահը պարբերաբար հորդորում էր ձուկը գլխից բռնելու մեթոդը կիրառել, բայց մինչ օրս որևէ գլուխ չի բռնվել և որևէ դեպքի առնչությամբ հանրությանը չի պարզաբանվել, թե արդյոք այդ հրապարակումնե՞րը չէին համապատասխանում իրականությանը, թե համապատասխանում էին, սակայն ոչ ոք համապատասխան պատիժ չկրեց»,- ասաց Մանուկյանը։
Փորձագետի կարծիքով՝ կոռուպցիան կնվազի, եթե պետական գնումներին յուրայիններից բացի մասնակցեն նաև ոչ յուրայինները։ 80-100 ընկերություն կա, որ մշտապես մասնակցում են պետական գնումներին, նշում է նա և հավելում՝ օրենքն այս մասով ևս չի կատարվում՝ երբեմն առանց մրցույթի են գնումներ կատարում։
«Պետության համար բյուջեն ոչ թե հարկատուների փողերն են, այլ դիտարկում են դա որպես իրենց սեփական փողը և դրա միջոցով լավություն են անում իրենց նախընտրած ընկերություններին, ինչու չէ դրանք տեղի են ունենում պերճանքի ոչ այդքան հիմնավորված և անարդյունավետ ծախսերի շնորհիվ։ Եթե ուսումնասիրեք, ոչ մի փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտի կամ հնարավորինս չեզոք քաղաքական դիրքորոշում ունեցող սուբյեկտի հետ չեն կնքում այդ պայմանագրերը։ Բոլորը իրենց հետ փոխկապակցված ընկերություններ են»,- ասաց Մանուկյանը։