Մատչելիության հղումներ

Փաստաբանը մտահոգություն ունի, որ Ավետիսյանների սպանդի դրդապատճառը չի պարզվի


Փաստաբանը մտահոգություն ունի, որ Ավետիսյանների սպանդի դրդապատճառը չի պարզվի
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Հայաստանի Քննչական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած եզրակացության համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված АКС ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։

Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո, երբ հաջորդաբար հաստատվում կամ հերքվում էին կրակոցների ձայնի լսվել-չլսվելու մասին տեղեկությունները, սկսեց վարկած շրջանառվել՝ քանի որ 28 կրակոցները չէին կարող չլսվել, ուստի հավանական էր համարվում խլացուցիչի օգտագործումը։

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասում է, որ հիմա, երբ պարզվեց որ խլացուցիչ չի օգտագործվել, նորից հետևյալ հարցն է առաջ գալիս՝ կրակոցի ձայներ, այնուամենայնիվ, լսվե՞լ են, թե ոչ։

«Հարց է առաջանում՝ եթե չեն լսել, ապա ինչո՞ւ չեն լսել։ Բարոյական առումով շատ դժվար է պատկերացնել, որ այդ բոլոր հարևանների մեջ ոչ մեկը չի լսել այդ ձայնը կամ չի արտահայտվում, որ լսել է այդ ձայնը։ Այստեղ կան նաև այն հանգամանքը, որ անձինք, տեղեկանալով, որ եթե շուտ արձագանքեին, ապա փոքրիկ Սերյոժան կենդանի կմնար, հիմա չենք ցանկանում խոստովանել այդ մասին։ Հնարավոր է նաև այդ տարբերակը, բայց չենք կարող նաև բացառել, որ անձինք ուղղակի չեն լսել։ Զուտ որպես մարդ ես չեմ պատկերացնում, որ բոլոր հարևանները շատ խորը քուն էին մտել և ոչ ոք չի լսել այդ ձայնը»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանն ասում է, թե այդ հարցով փորձաքննություն նշանակելը որևէ արդյունք չի տա, այն ձևական բնույթ կկրի.- «Եթե դա լիներ օրը ցերեկով, ապա հնարավոր կլիներ կատարել փորձաքննություն և պարզել, թե արդյոք նման ձայնը լսելի է։ Բայց երբ խոսքը գնում է քնած մարդու մասին, ուղղակի նման փորձարարություն ես չեմ պատկերացնում»։

Սահակյանը հավելում է՝ հիմա սպասում են գենետիկական փորձաքննության եզրակացությանը, որով կամբողջանա հունվարի 12-ին Ավետիսյանների տանը տեղի ունեցածի պատկերը։ Սահակյանը, սակայն, մտահոգություն ունի, որ այդպես էլ չի պարզվի Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառը։

«Այն մտահոգությունները, որոնք մենք ունեինք ի սկզբանե, շարունակում են մնալ։ Ինչքան ավելի շատ փորձաքննությունն ենք ստանում, այնքան ավելի պատկերը պարզ է լինում, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ինչո՞ւ... այս հարցի պատասխանը դեռևս հնարավոր չէ պարզել»,- ասաց Սահակյանը։

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից 3 ամիս անց միայն Հայաստանի քննչական կոմիտեն է հրապարակում կատարված մի քանի փորձաքննությունների եզրակացություննեը։ Ռուսական կողմի տրամադրած տեղեկությունները շատ ավելի կցկտուր են, մինչ այժմ ընդամենը տեղեկացրել են հարցաքննված անձանց թվի մասին։

XS
SM
MD
LG