Մատչելիության հղումներ

Փոխոստիկանապետը հիմնավոր է համարում ՀԽ անդամների նկատմամբ հարուցված քրգործերը


Փոխոստիկանապետը հիմնավոր է համարում ՀԽ անդամների նկատմամբ հարուցված քրգործերը
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

«Ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին», այսօր ոստիկանի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հիշեցրեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա հայտարարեց, թե հիմնավոր է համարում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի հարուցումը, թեպետ ողջ ասուլիսի ընթացքում այս հարցի հետ կապված պնդում էր, թե այն ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում:

Փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք, եթե նրա տան խուզարկման արդյունքում նույնպես հայտնաբերվեր հանքային ջրի շիշ, դանակ, սոդա կամ յոդ, ապա նա և՞ս կկասկածվեր զանգվածային անկարգություններիկազմակերպման մեջ․ - «Դուք շատ միամիտ հարց տվեցիք՝ ենթատեքստով, ասեմ՝ եթե ես կդառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ, թող խուզարկեն: Հակագազ չունեմ, յոդ կասոդան՝ տնային տնտեսուհուն ա պետք հարցնել, տեղյակ չեմ»:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում «Հիմնադիր խորհրդարան»-ի մի խումբ անդամների, այդ թվում՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու համար որպես հիմք էին ներկայացվել առգրավված մի շարք իրեր, այդ թվում՝ ապակե շիշ, ծխախոտի, սոդայի տուփ, դանակ և «ՏՈԼԻԿ» գրությամբ ատրճանակի պատյան։ Այն ,որ փոխոստիկանապետը բավարար է համարում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամաբ հարուցված քրգործի հիմքերը զարմացնում է փաստաբան Լուսինե Սահակյանին:

«Ըստ էության ինքը ասել է, որ դա իր գործառույթը չէ: Միայն այն, որ նա արդեն իսկ հայտարարում է, որ բավարար են եղել ապացույցները, քրգործ հարուցելու համար , սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ սա քաղաքական պատվեր է», - ընդգծեց փաստաբանը:

«Օրենքից իրեն վեր դասողները անմիջապես կհանդիպեն ոստիկանության հակազդեցությանը», - ոստիկանության գործունեությանն անդրադառնալիս ասում է Պողոսյանը:

Իսկ թե ինչո՞ւ է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն իր վերջին զեկույցում մտահոգություն հայտնել Հայաստանի ոստիկանական բաժանմունքներում ցուցմունք կորզելու նպատակով գործադրվող խոշտանգումների մասին լուրերի կապակցությամբ, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հակադարձեց՝ զեկույցում չի բերվել հստակ օրինակ: Իսկ փոխոստիկանապետն ասաց, որ իրենք հանդիպել են Մուժնիեկսին, զրուցել նրա հետ, և խոսքը գուցե ընտանեկան բռնությունների մասին էր, այդուհանդերձ հավելեց․-«Ոստիկանությունում բռնությունները ես չեմ կարող բացառել»:

Միջազգային որևէ զեկույց առանց հիմքերի չի գրվում, պնդեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ խայտառակություն որակելով ոստիկանության պաշտոնյաների այս պարզաբանումները․ - «Չեն կարող այդպիսի լուրջ կառույցները, համենայնդեպս, հանձնակատարը կամ ՀԿԿ-ն, նրանք չեն կարող զեկույցներ գրել՝ առանց ապացույցների»:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հայտնաբերման օպերացիան «փայլուն» որակող փոխոստիկանապետը մինչև այսօր էլ չի ընդունում այն մեղադրանքները, թե ոստիկանությունը տապալել է օպերացիան:

«Իսկ դուք, որ պնդում եք մեր կողքով տարան․․․Դե հիմա վերլուծեք, դրա համար էլ դուք մարդու մտածող տեսակն եք: Այն պահից, որ ոստիկանական մարմինները էնտեղ ծառայություն են կատարել, Պերմյակովը էնտեղով չի անցել»:

«Բայց եթե նրանք համարում են, որ դա փայլուն օպերացիա է, որ Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմում, ըստ էության, նրանք համարում են, որ իրենց վերջնական արդյունքը եղել է դա և նրանք համագործակցել են, որպեսզի Պերմյակովը հայտնվի ռուսական կողմում, եթե այդպես է, միգուցե փայլուն օպերացիա էր: Մենք համարում ենք, որ դա տապալված օպերացիա էր», - փոխոստիկանապետին արձագանքեց Լուսինե Սահակյանը:

Վերջում փոխոստիկանապետն առանձնակի ոգևորությամբ ընդգծեց, որ գուցե առաջիկայում ոստիկանության հիմնը դառնա Արամ Խաչատրյանի 2-րդ քայլերգը, որն այսօր հանդիսավոր կերպով իրենց է հանձնել կոմպոզիտորի որդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG