Մատչելիության հղումներ

Ֆրանսաբնակ հայ երգիչը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 100 համերգ է տալու


Ծնունդով գյումրեցի, բայց վերջին 15 տարիներին Փարիզում բնակվող մեր հայրենակից, օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) իր հոգու պարտքն է համարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ երկու նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանում և Փարիզում:

1988-ի երկրաշարժի օրը ծնողներին կորցրած և եղբոր հետ որբացած 13-ամյա Մուրադ Ամիրխանյանին հարյուրավոր այլ ծնողազուրկ երեխաների հետ այդ օրերին ֆրանսիացիները մի քանի ամսով տարել էին Ֆրանսիա՝ ամոքելու պատուհասած ցավերից: Բայց դա բավական էր, որ Երևանում դպրոցը, հետո էլ Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց տարիներ անց նա կնոջ և զույգ դստրերի հետ մեկնի Ֆրանսիա և փորձի իր տեղը գտնել որ միայն արվեստում, այլև կյանքում, ոչ միայն իր, այլև հայրենիքի համար:

«Արվեստի մարդ եմ: Ես պարզապես գնացի դեպի լույսը, դեպի հույսը, որ տեսնեմ ի՞նչ կարող եմ երկիր բերել, ի՞նչ կարող եմ կամուրջ անել», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգիչը:

Վաղը երեկոյան ժամը 7-ին Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրում նա կատարելու է «Ավե Մարիա» և Կոմիտաս: Նաև մի խումբ երիտասարդների մասնակցությամբ 100 կարմիր փուչիկ են բաց թողնելու և նույնքան ալ ծաղիկներ են դնելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես ինքն ասաց՝ վաղը երեկոյան գնում է Ծիծեռնակաբերդ՝ երգելու, աղոթելու, առ Աստված աղոթք բարձրացնելու:

Իսկ արդեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 26-ին Փարիզի խոշոր համերգասրահներից մեկում Ադամ Բարրոյի նախաձեռնությամբ և ֆրանիսիացի լավագույն երգիչների մասնակցությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները և համաշխարհային դասականների գլուխգործոցները: Համերգի ընթացքում Անահիտ Թոփչյանը ֆրանսերեն լեզվով հատվածներ է ընթերցելու Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

«Որպես օպերային երգիչ, ես ինքս ինձ չէի ների, եթե ապրեի Փարիզում և չունենայի նման գաղափար՝ մեկ անգամ ավելի իրազեկելու օտար երկրում», - ասաց նա՝ շարունակելով․ - «Ինքս ինձ մեկ-մեկ ասում եմ՝ մի այս տղային տեսեք, Գյումրիից եկավ հասավ Ֆրանսիա, բավական չէ, մի հատ էլ ֆրանսիացիներին ասում է՝ գիտեք, պետք է հայերեն երգեք և այն էլ՝ Կոմիտաս, «Կռունկ»»:

Համերգի ընթացքում ելույթ է ունենալու նաև ինքը: Ադամ Բարրոն արդեն սեփական նախաձեռնությամբ եվրոպական մի շարք քաղաքներում հանդես է եկել համերգներով նվիրված Ցեղասպանության 100-ամյակին և որոշել է մինչև տարեվերջ դրանց թիվը հասցնել 100-ի:

Երգիչը դա համարում է իր հոգու պարտքը՝ իրազեկել 100 տարի առաջ տեղի ունեցած մասին և ոգեկոչել մեկևկես միլիոն զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG