Մատչելիության հղումներ

4 անչափահասների մորը հնարավորություն չեն ընձեռում բիզնես սկսել


4 անչափահասների մորը հնարավորություն չեն ընձեռում բիզնես սկսելու համար
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Կնոջ խոսքով, եթե վարկ ստանա, կարի արհեստանոց կամ կիսաֆաբրիկատներ պատրաստելու համար խոհանոց կբացի:

Ամուսնու մահվանից հետո Զեմֆիրա Հովսեփյանը չորս անչափահաս երեխաների հետ վարձով բնակարան է տեղափոխվել։ 10-ամյա Մարիամը հաշմանդամություն ունի և հատուկ դպրոցում է սովորում։

Շեֆ խոհարար Զեմֆիրան աշխատանքից ստիպված է եղել դուրս գալ՝ նրան ու մյուս երեխաներին տանը մենակ չթողնելու համար։ Որպեսզի ստիպված չլինի ուրիշից գումար խնդրել, Զեմֆիրան ուզում է սեփական փոքր բիզնեսն ունենալ՝ կարի արհեստանոց կամ համապատասխան սարքավորումներով խոհանոց՝ կիսաֆաբրիկատներ պատրաստելու համար։

Արդեն մի քանի ամիս է, սակայն, նա չի կարողանում միջոցներ գտնել: Ասում է, որ նախնական գումար չունի, բանկերն էլ չեն ցանկանում վարկ տրամադրել:

«Բացի մտքից ու ծրագրից ոչինչ չունեմ, մեկ էլ էս պարագայում թելեր ու շյուղեր ունեմ։ Մշտական գրանցում չունեմ, փաստացի գրանցված եմ, սեփականություն չունեմ իմ անունով ոչինչ, դրա համար բանկերը ինձ վարկ չեն տա։ Անգամ եթե բիզնես ծրագիր կա, ուրիշ բան, եթե ես իմ փոքրիկ բիզնեսը դնեմ, ինքը սկսի ծաղկել, գուցե հենց էդ բիզնեսի վրա հետագայում ինձ վարկ տրամադրեն», - ասաց Զեմֆիրան։

Նա պատմում է, որ անչափահաս երեխաները 47 հազար դրամ նպաստ են ստանում։ 54 հազար դրամ էլ տրամադրվում է միակողմանի ծնողազուրկ լինելու համար։ Գումարը բավականացնում է միայն նախորդ ամսվա պարտքերը փակելու համար:

«Փաստորեն, պետության տված փողը ես վերադարձնում եմ իրանց՝ վճարելով ջուր, աղբ, հոսանք, գազ ու տան վարձ։ Էլ էս երեխեն հագնել չի ուզում։ Իսկ ո՞վ ասեց, որ իմ երեխան պիտի հանգնվի ամենահետին ցնցոտիի նման։ Իսկ ո՞վ ասեց՝ ես պիտի նստեմ, սպասեմ, որ էս մի ընկերուհիս դրսից ինձ փոքրիկ ծանրոց ուղարկի», - ասաց Զեմֆիրա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Մարիամին անհրաժեշտ դեղերը, որոնք պետք են ուղեղը սնուցելու համար, նույնպես արտերկրից են ուղարկվում։

«Դեղի մեկ հատը 17 հազար դրամ արժե։ Սոցապ նախարարությունում շատ լավ գիտեն, որ անօթևան եմ, հաշմանդամ երեխա ունեմ, բայց երբ գնում եմ, ճանապարհում են՝ ասելով, որ մեր հասանելիքը արդեն ստանում ենք», - ասաց Զեմֆիրան։

«Ես չեմ պատրաստվում ոչ ոքի խնդրել։ Հազար հատ թղթեր հետս հավաքեի, տանեի, ու բոլորին ասեի՝ գիտեք ինչ, ես հաշմանդամ երեխա ունեմ, գիտեք ինչ ինքը խնդիր ունի, ես չեմ կարողանում դեղ առնեմ, որ ինքը տառերը ճանաչի, որ, աստված մի արասցե, վաղը մյուս օր կարողանա իրան պաշտպանի։ Իրենց բացարձակ անտարբերությունը մեր ժողովրդին դարձրեց մեծապատիվ մուրացկան»։

Եթե մայր եմ, ուրեմն արդեն ուժեղ եմ, ասում է Զեմֆիրան։ Նա կարծում է, որ սոցիալական խնդիրները, որ ժամանակավորապես ծագել են ընտանիքում, չպետք է երեխաների զարգացմանը խոչնդոտեն։

12-ամյա Նոյեմզարը ցանկանում է նկարչուհի դառնալ, Տիգրանն էլ ջութակի դասերի է ուզում հաճախել։ Ընտանիքի՝ առանց այն էլ փոքր եկամուտը հավելյալ այս ծախսերին դժվար բավականացնի, սակայն Զեմֆիրան կարծում է, որ պարտավոր է երեխաների երազանքներն իրականացնել։

«Արվեստը, երգը կամ նկարչությունը մարդուն կայացնում են։ Էն երեխան, ով կապ ունի հատկապես երաժշտության հետ դասական, նկարի հետ, իրանց մեջ քիչ չար մարդիկ կան։ Ես ամեն կերպ ուզում եմ, որ իմ երեխան ինքնահաստատված մեծանան»։

«Եթե ես կարողացա իմ գործը սկսել․․․ եթե նստեմ սպասեմ, որ օդից պիտի փող լինի, որովհետև ծախս ա, բա երեխե՞քը, իսկ իրանք ինչո՞վ են մեղավոր, որ էդ գումարը չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG