Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ամենախոշոր միջոցառումներից մեկը հայաշատ Լոս Անջելեսում անցկացվեց։
Լոս Անջելեսի Սուրբ Աստվածածնի Հրեշտակապետաց եկեղեցում շուրջ 4 հազար քաղաքացիների ներկայությամբ և ավելի քան 18 եկեղեցիների առաջնորդների, պետերի, եպիսկոպոսների գլխավորությամբ հնչեց էկումենիկ աղոթք` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։ Հայ և քրիստոնեական այլ եկեղեցիների առաջնորդները խորանի առջև հոգեհանգստյան կարգ մատուցեցին և աղոթքներ հնչեցրեցին՝ 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Խոսե Գոմեսը ողջունեց ներկաներին՝ հիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի մի քանի օր առաջ մատուցած պատարագը, և 1915 թվականի դեպքերը որակեց որպես Ցեղասպանություն։
«Մենք հպարտ ենք ողջ աշխարհում հայ ժողովրդի դերով և կատարած աշխատանքով։ Հայերը առաջին ազգերից էին, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեցին: Եվ այսօր մենք աղոթում ենք անմեղ զոհերի հիշատակի և նրանց հոգու հանգստության համար», - ասաց Խոսե Գոմեսը։
Միջոցառմանը ներկա էր Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։ Քաղաքապետն իր ելույթում կրկնեց Հռոմի պապի կոչը այն մասին, որ «բոլոր մարդիկ պետք է զանգվածային սպանությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»։
Նա ասաց, որ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն է: «Լոս Անջելեսում մենք ընդունում ենք դա», - հայտարարեց նա։