Մատչելիության հղումներ

Հիպոթեքից օգտվողներին տրված արտոնությունները «չեն լուծի բնակարանային խնդիրը»


Հիպոթեքից օգտվողներին տրված արտոնությունները «չեն լուծի բնակարանային խնդիրը»
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

Եկամտահարկի արտոնություններ տվող օրենքն արդեն ուժի մեջ է, և մի քանի օրվա ընթացքում հարկային մարմինները կսկսեն ընդունել քաղաքացիների դիմումները:

Փոփոխությունները դեռ անցյալ տարի լայնորեն գովազդվում էին՝ խոստանալով, որ եթե քաղաքացին հիպոթեքային վարկ վերցնի պետությունից կամ անմիջապես կառուցապատող ընկերությունից բնակարան գնելու համար, ապա եռամսյակը մեկ հետ կստանա իր աշխատավարձից պահվող եկամտահարկը՝ վճարված տոկոսների չափով:

Արտոնությունը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր հիպոթեք կձևակերպեն սեփական տուն կառուցելու համար:

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության բաժնի պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ շատ փաստաթղթեր չեն պահանջի․ մեկ դիմում, վարկի պայմանագրի և սեփականության վկայականի պատճենները և վարկի տոկոսների վճարումը հաստաթող փաստաթուղթ:

«Նշված փաստաթղթերը ամբողջական կազմով ներկայացվելու են միայն առաջին անգամ դիմումը ներկայացնելիս», - հավելեց նա:

Օրենքի համաձայն, այս արտոնությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ձեռք բերված սեփականության վրա, իսկ եկամտահարկը վերադարձվելու է երեք ամիսը մեկ՝ դիմողի կողմից նշված հաշվեհամարին:

Արտոնությունը տարածվում է նաև այն դեպքում, երբ օրինակ ՝ բնակարանի հիպոթեքը մի քանի հոգով են վերցրել, սակայն այստեղ, ըստ Օրի Ալավերդյանի, կարևոր մի պայման կա․ - «Երբ որ բոլոր վարկառուները կլինեն ձեռք բերվող գույքի համասեփականատեր»:

Ֆինանսների նախարարությունից պնդում են, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է՝ շաբաթական տասնյակ զանգեր են ստանում:

«Մեծ է նաև թերահավատությունը», - «Ազատությանն» ասաց ներկայանալ չցանկացած զրուցակիցս:

Օրենքը և հաստատված կարգը շատերն են կարդացել, կասկածելի է թվացել «հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներ» արտահայտությունը: Ի վերջո ինչքա՞ն է վերադարձվելու՝ մի քանի հարյուր հազար դրամի չափով հիպոթեքի՞ տոկոսները, թե՞ ընդամենը մի քանի հազար դրամ կազմող ֆինանսական ծառայության գումարը:

Ֆինանսների նախարարության պաշտոնան հավաստիացնում է, որ խոսքը բուն տոկոսների մասին է․ - «Եթե Ձեր մոտ եռամսյակի ընթացքում 450 հազար դրամ է պարտավորության չափը և եռամսյակի ընթացքում վճարել են 600 հազար դրամ եկամտային հարկ, Ձեզ հետ կվերադարձվի 450 հազար դրամ Ձեր կողմից վճարված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսները»:

Նախարարության պաշտոնյայի համոզմամբ՝ այս արտոնությունը կխթանի պահանջարկը, կաշխուժացնի շուկան, սակայն ծրագրի նպատակը նաև բնակարանային խնդիրը լուծելն է:

Մասնագիտությամբ տնտեսագետ զրուցակիցս ասում է, որ սկզբում իր շրջապատում հետաքրքրությունը մեծ էր այս արտոնության նկատմամբ, սակայն հաշվարկներ են կատարել և հասկացել, որ անգամ հիպոթեքի տոկոսների չափով եկամտահարկը հետ ստանալու հեռանկարը իրենց բնակարանային խնդիրները չի լուծի: Քչերը կկարողանան օգտվել, քանի որ, նրա խոսքով, հիպոթեքի մեկնարկային պայմանները խիստ են, կանխավճարն ու տոկոսները՝ բարձր:

Ազգային ժողովի պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Թևան Պողոսյանի կարծիքով, ծրագիրը ամենևին չի նպաստի բնակարանային խնդիրների լուծմանը, այն բխում է մի քանի կառուցապատողների շահերից, որոնք ուզում են վաճառել դատարկ բնակարանները․ - «Այդ բնակարանները մնացել էին օդում: Հիմա փորձում են խրախուսման մեխանիզմ գտնեն, որ մարդիկ գնան հիպոթեք վերցնեն, այդ բնակարանները գնեն: Այնուամենայնիվ բոլոր պայմանները և գները այնպիսին են, որ շատ ու շատ մարդկանց համար դա ձեռնտու չէ»:

Ֆինանսների նախարարությունից ասում են, որ ծրագրի համար պետբյուջեից, նախնական հաշվարկներով, մոտ 8 միլիարդ դրամ կծախսվի:

Թևան Պողոսյանը նկատում է՝ որքանով է արդար, որ որոշ մարդկանց հարկային արտոնությունները վճարվեն մյուսների հաշվին․ - «Գիտենք, որ որևէ բան ձրի չի լինում: Ի՞նչ է նշանակում․ այդ մարդու եկամտահարկը, եթե մենք ի սկզբանե հաշվարկում ենք բյուջեում, հետո այդ բյուջեից տալիս ենք: Իսկ վստա՞հ ենք, որ մենք պետք է մասնավորի ինչ-որ բնակարան գնելու խնդրին դառնանք: Միգուցե խոսում ենք սոցիալական․․․ բազմազավակ ընտանիքներ կլինեն: Այդ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ ինչ-որ մեկի վրա այդ բեռը նորից ավելանալու է: Եվ այստեղ խնդիր է գալիս, թե իրական, բուն իմաստը ո՞րն էր այս օրենքի»:

XS
SM
MD
LG