Հայաստանի երիտասարդական հիմնադրամը արդեն երկրորդ տարին է՝ նախագահի նստավայրից 200 միլիոն դրամ է ստացել մրցույթ անցկացնելու ու հասարակական կազմակերպություններին բաշխելու համար։
Այս տարի դրամաշնորհ է ստացել արդեն 30 կազմակերպություն, որոնցից միայն 3-ի տվյալները կան «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, գործունեության մասին կայք կամ բլոգ ունեն 5-ը, ևս 5-ը ներկայացված է Facebook սոցիալական ցանցում, բայց առանց կոնտակտային տվյալների։ Այս կազմակերպությունների մասին լրատվամիջոցներում էլ տեղեկություններ գրեթե չկան, 30-ից միայն 5-ի մասին մեկական հիշատակում կա մամուլում։
Պետբյուջեից դրամաշնորհ ստացած այդ 30 կազմակերպություններից ընտրեցինք 5-ը։ Պետական ռեգիստրից ստացած տվյալներով պարզվեց, որ դրանցից երկուսը պատկանում են նույն անձանց՝ Արմեն Մարուքյանին և Լուսինե Գևորգյանին, ովքեր գրանցված են նույն հասցեում, նույն բնակարանն է նաև երկու կազմակերպությունների գործունեության վայրը։ Մենք եղանք 3-րդ մասում գտնվող այդ տանը։
Աշխատանքային ժամին բնակարանում ոչ ոք չկար։ Հարևաններից փորձեցինք պարզել՝ տեղյա՞կ են, որ իրենց շենքում «Օրենքի ուժով» և «Հայրենյաց հավատամք» անուններով կազմակերպություններ են գործում։
«Էդտեղ մարդ ու կնիկ, երկու երեխա են ապրում։ Կազմակերպություն հաստատ չկա»,- ասաց հարևաններից մեկը։
Ի դեպ, նշված երկու կազմակերպություններից մեկը դրամաշնորհ է ստացել նաև անցյալ տարի։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, ով նախագահի կողմից տրվող դրամաշնորհային ծրագրում 2013-ին միլիոնավոր դրամների չարաշահումներ էր բացահայտել, այս անգամ նույնպես կոռուպցիոն ռիսկ է տեսնում։
«Անշուշտ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև հենց այն, որ նույն մարդիկ հիմնում են երկու տարբեր կազմակերպություն և երկուսն էլ ստանում դրամաշնորհ, այստեղ ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա»,- ասաց Դոյդոդյանը։
Այցելեցինք նաև «Արեալ» կազմակերպություն, որը դրամաշնորհ է ստացել «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեվորումը» անվանակարգում։ Պետռեգիստրում գրանցված հասցեում մեզ դիմավորեց տարեց մի կին, ում հարցրեցինք՝ տեղյա՞կ է՝ իր բնակարանում գրանցված կազմակերպություն կա։
«Երևի ինչ-որ սխալմունք է»,- ասաց այդ կինը։
Մեր դիտարկած 5 կազմակերպություններից 3-ը հիմնադրվել են դրամաշնորհների մրցույթը հայտարարելուց հետո։ Դրանցից մեկը՝ «Ոստայն հայոցը» գործում է Կապանում։ Տեղի մեր թղթակիցը ճշտեց, որ «վերարտադրողական առողջություն» անվանակարգում դրամաշնորհ ստացած ՀԿ-ի հիմնադիրն ու ղեկավարը Կապանում հայտնի չէ որպես առողջապահությամբ կամ ընդհանրապես հասարակական գործունեությամբ զբաղվող անհատ, կազմակերպության գործունեության հասցեում էլ բնակարան է։
Մեր դիտարկած 5 կազմակերպություններից միայն վերջինի դեպքում գրասենյակ կար, թեև ոչ մի գրություն չկար, որ այնտեղ գործում է «Հոգու պարտք» ՀԿ-ն։ Այս կազմակերպության ղեկավար Շողինե Հովհաննիսյանը պատրաստ էր անգամ մեզ հետ զրուցել։
«Հայրենագիտական կազմակերպություն է, հիմնական նպատակը երիտասարդության մեջ հայրենասիրական գաղափարներ ուսուցանելն է, նաև մշակութային ժառանգությունը ներկայացնելը»,- ասաց Հովհաննիսյանը։
«Հոգու պարտքը» պատրաստվում է ներկայացնել Թուրքիայում վնասված հայկական հուշարձանների լուսանկարների ցուցահանդես։ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում ստացել է 2 միլիոն 800 հազար դրամ՝ մոտ 6000 դոլար։
Հնարավոր չեղավ պարզել, թե մյուս 29 ՀԿ-ները այս տարի որքան դրամաշնորհ են ստացել, հիմնադրամից խորհուրդ տվեցին այդ հարցը պարզել գումարը ստացողներից։ Այնինչ, ըստ Շուշան Դոյդոյանի, հենց հիմնադրամը պետք է շահագրգռված լիներ բացահայտել այդ տեղեկությունը։
«Սեփական նախաձեռնությամբ այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվեր իրենց կայքում, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է, ծանոթանար, թե որ կազմակերպությանը որքան գումար և ինչ նպատակով է հատկացվել։ Իհարկե, այստեղ կա լրագրողի՝ տեղեկատվություն ստանալու խախտում, որովհետև նրանց տված մերժումը որևէ կերպ չի բխում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներից»,- ասաց նա։
Շուշան Դոյդոյանին տարօրինակ է թվում, որ պետական բյուջեից դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ցանկում եզակի են նախկինում իրենց աշխատանքով հանրությանը հայտնի ու վստահություն ձեռք բերած ՀԿ-ներ. - «Իհարկե, հայտնիությունը դեռևս տվյալ ՀԿ-ին բնութագրող հատկանիշ չէ, բայց հասարակական բառը ենթադրում է, որ տվյալ կազմակերպության պետք է շահագրգռված լինի, որ իր մասին իմանան, իր արած գործի մասին իմանան, չէ՞ որ այդ գործը մարդկանց համար է։ Եթե մարդիկ իրազեկ չեն, թե ինչով ես դու զբաղվում, արդեն մեծ կասկածներ են առաջանում»։
Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Գալստյանը ցրում է կասկածները՝ պնդելով, որ հիմնադրամի նպատակը նաև սկսնակ կազմակերպություններին աջակցելն է։
«Մենք ՀԿ սեկտորի զարգացմանն ենք ուղղել մեր աշխատանքները, և նորաստեղծ ՀԿ-ներին դրամաշնորհ չտալը կամ վերապահումով մոտենալը այդքան ճիշտ չէ»,- ասաց Գալստյանը։
Հիմնադրամի աշխատակիցները ոգևորված ներկայացնում էին տարբեր կազմակերպությունների ծրագրեր, ցույց տալիս նախկին տարիներին նրանցից ամենահաջողակների տպագրած նյութերը։
«Օրենքի ուժով»-ի նախագահն արձագանքեց
Մեր դիտարկած 5 հասարակական կազմակերպություններից հոդվածը հրապարակելու հաջորդ օրը «Ազատության» հետ կապվեց «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ և «Հայրենյաց հավատամք» ՀԿ-ի մասնակից Արմեն Մարուքյանը։
Վերջինս նշեց, որ հանդիսանալով «Օրենքի ուժով» կազմակերպության նախագահ՝ իրավասու է խոսել միայն «Օրենքի ուժով»-ի անունից։
Մարուքյանից տեղեկացանք, որ 2015-ին իր կազմակերպությունը Երիտասարդական հիմնադրամից ստացել է 2 միլիոն 800 հազար դրամ դրամաշնորհ, իրականացնելու են ցեղասպանության հիմնահարցին վերաբերող ծրագիր, կազմակերպելու են բանակցային խաղեր բուհերի մագիստրատուրաներում և տպագրելու են ձեռնարկ նույն թեմաների վերաբերյալ: Իսկ 2014-ին, ըստ Արմեն Մարուքյանի, իր ղեկավարած կազմակերպությունը ստացած դրամաշնորհով տպագրել է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարաններ դիմելու հիմքեր և հնարավորություններ» գիրքը։