Մատչելիության հղումներ

Պուտինի եկամուտները կրկնապատկվել են, նրան դիմած ուսուցչուհու թոշակը՝ նվազել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները 2013-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել են:

Պուտինի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2014-ին նա վաստակել է ավելի քան 7.5 միլիոն ռուբլի (ավելի քան 151 հազար դոլար):

Ըստ հայտարարագրի՝ Պուտինն ունի 1500 քառակուսի մետր տարածքով հողամաս, 2 բնակարան. մեկը՝ 77 քառակուսի մետր, մյուսը՝ ավելի քան 153 քմ տարածքով, նաև՝ ավտոտնակ, ռուսական արտադրության 3 ավտոմեքենա:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ունեցվածքը նույնպես կրկնապատկվել է։ Նրա եկամուտները, պաշտոնական տվյալներով, անցյալ տարի կազմել են մոտ 160 հազար դոլար։

Պետության ղեկավարների ունեցվածքի ավելացման ֆոնին ուշագրավ է Սամարայում բնակվող ֆիզիկայի նախկին ուսուցչուհի Նելլի Սիրոտկինայի պատմությունը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա վերջին երեք տարիներին պահանջում է արդարացիորեն բարձրացնել մարդկանց կենսաթոշակը, նամակներ ու բողոքներ է գրել Վլադիմիր Պուտինին, սակայն պետությունը կենսաթոշակը ավելացնելու փոխարեն պակասեցրել է:

Նելլի Սիրոտկինայի պատասխանների հավաքածու ունի կենսաթոշակային հիմնադրամից: Դրանցից մեկն այն մասին է, որ նախկին ուսուցչուհու կենսաթոշակը կնվազի 70 ռուբլով:

«Մենք ստուգել ենք Ձեր փաստաթղթերը և պարզել, որ Դուք սխալմամբ և ապօրինաբար ստացել եք ավելորդ գումար, քանի որ Ձեր՝ ԲՈՒՀ- ում սովորելու ժամանակահատվածը հաշվել են որպես ստաժ»,- գրել է կենսաթոշակային հիմնադրամի պաշտոնյան:

«Բայց չէ՞ որ Խորհրդային Միությունում բոլորի դեպքում էր այդպես»,- հարցնում է Ռուսաստանի քաղաքացին:

Նրա կենսաթոշակը մեկ անգամ նվազեցրել էին 90-ականների վերջերին, երբ ԲՈՒՀ-ում սովորելու տարիները դադարեցին հաշվել որպես ստաժ: Բայց նրա դեպքում այդ օրենքը չպետք կիրառվեր, քանի որ ԲՈՒՀ-ն ավարտել էր նախքան նոր օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Նելլի Սիրոտկինայի խնդրանքն է, որ կառավարությունը բոլորի կենսաթոշակներն ավելացնի 300 ռուբլով: «Դուք մի անգամ 300 ռուբլով ավելացրել էիք թոշակները, դա այնքան հրաշալի էր՝ բոլորինը հավասարապես»: Նա խնդրում է, որ իրենց եկամուտները կրկնապատկող չինովնիկները չմոռանան հասարակ մարդկանց մասին:

«Բայց պատասխան չկա»,- իրավիճակից շարունակում է դժգոհել թոշակառուն: Որքան նա բողոքում է և դիմում պաշտոնյաների, այդ թվում՝ սեփական եկամուտներն ավելացնող Վլադիմիր Պուտինին, այնքան ավելի շատ սպառնալիքներ է ստանում, մասնավորապես, այն մասին, որ կենսաթոշակային ֆոնդը կարող է հետ պահանջել տարեց կնոջն անցյալ տարիներին տված կենսաթոշակի «ավելորդ» մասը: Քաղաքացին, սակայն, չի պատրաստվում նահանջել :

«Ապրիլի 16-ին նախատեսված է Պուտինի ելույթը և Ռուսաստանի քաղաքացիներին հորդորում են հարցեր ուղղել նրան: Ես անպայման ևս մեկ անգամ կդիմեմ նախագահին»,- խոստանում է նա:

«Փորձեք ավելացնել բոլորի կենսաթոշակները, դա օգտակար կլինի բոլորի, հատկապես՝ աղքատների համա»,- այս հարցապնդումը պատրաստվում է կրկին Պուտինին փոխանցել պահանջներից չհրաժարվող քաղաքացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG