Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ռոմեն Նադալը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նադալը հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ևս կանցկացվեն հիշատակի տարբեր միջոցառումներ։
Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Օլանդը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կայանալիք միջոցառումներին։