Երեկ Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության կապերի վարչության փոխանցմամբ՝ բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայեր են սպանվել:
Բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը` միանալ ՄԱԿ-ի 1985 թվականի փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը, որն ամրագրում է տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը որպես ցեղասպանություն ու պահանջում է միջազգային հանրությունից և թուրքական կառավարությունից բարոյական փոխհատուցում:
«2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել: Չիլիի Պատգամավորների պալատի սույն որոշումն ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։