Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյան. «Կառավարությունը չունի ճգնաժամից դուրս գալու ծրագիր»


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 14-ը ապրիլի, 2015թ.
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 14-ը ապրիլի, 2015թ.

Ըստ տնտեսագետի, նման տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենից շատ տուժում է փոքր բիզնեսը։

Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Կառավարությունը չունի ճգնաժամից դուրս գալու, այն հաղթահարելու ծրագիր, իսկ դա նախ անհանգստացնում է գործարարներին։

«Եթե դուք կանխարգելիչ քայլեր չեք անում, տնտեսության մեջ այդպիսին է, հարվածը շատ ավելի ուժգին է լինում։ Նման տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենից շատը տուժում է փոքր բիզնեսը։ Դուք կարող եք ասել՝ դուք շուկայական տնտեսության կողմնակից, ազատական գաղափարախոսության տեր մարդ եք, այդ մասի՞ն եք խոսում, բայց հենց խնդիրը կայանում է նրանում, որ այս վիճակում, որը կարելի է ասել ֆորսմաժորային, պետությունը պետք է կանգներ արտադրողների կողքին», - ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Հայաստանը թողարկեց 500 միլիոն դոլարի պարտատոմս՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։ Սա, ըստ էության, երկրի երբևէ ձեռք բերած ամենաթանկ վարկն էր։

Խաչատրյանը նշեց՝ երկու շաբաթ առաջ կուտակված այդ պարտքից ստացվող գումարների մի մասը Կառավարությունը պետք է ոչ թե ուղղեր Կենտրոնական բանկի պահուստները մեծացնելուն, այլ օգտագործեր փոքր արտադրողներին օգնելու համար, որովհետև վաղը, ըստ տնտեսագետի, այդ բոլոր գործարանները փակվելու են։

«Թերևս Ռուսաստանի տնտեսությունը մինչև տարեվերջ, լավագույն կանախատեսումներով, խելքի չի գա։ Հիմա որ մի քիչ արժևորվել է ռուսական ռուբլին՝ 100 տոկոսի փոխարեն 50 տոկոս է արժեզրկվել անցյալ տարվա նոյեմբերի համեմատ, դա դեռևս Հայաստանի արտադրողներին, հատկապես գինեգործությանը կամ կոնյակագործության համար նպաստավոր պայմաններ չի ստեղծել, այսինքն՝ դրանք մրցունակ չեն այդ շուկայում տեղ գրավելու, բայց նույնը վերաբերում է նաև խոշորներին։ Ես ձեզ ասեմ, որ ինչքան էլ մենք փոքրերի մասին ենք խոսում, մեծերն էլ ունեն այդ պրոբլեմը», - ասաց Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի, ամենամեծ զարմանքն ու զավեշտը Կառավարության այսօրվա գործունեությունն է. - «Կառավարությունը կա և չկա, իշխանությունը կա և չկա։ Խոսքերում միգուցե կա, հեռուստատեսությունում կա, բոլորդ տեսնում եք՝ ինչով են զբաղված, բայց հիմնական իրենց գործը չեն անում, այսինքն՝ հիմնական գործը պետք է կայանա նրանում, որ դուք բոլորին, հատկապես՝ այն մարդկանց, ովքեր քչից-շատից կարողանում էին ապրանք արտահանել, այսինքն՝ արտարժույթ բերել դրսից, աշխատատեղեր ստեղծել, այդ մարդկանց ձեռք մեկնելու խնդիրը չեք լուծել, հիմա էլ չեք լուծում։ Վաղը-մյուս օրը, տա Աստված, եղանակային պայմանաները թույլ տան, մենք լավ բերք ունենանք, ճիշտ է՝ իր ծավալային առումով մի մեծ քանակություն չի՝ ընդամենը 25 միլիոն արտահանում է, բայց մենք չենք կարողանալու այն գնով, ինչ գնով որ ռուսական շուկան է վաճառում ծիրան, այդ գնով ծիրան կամ դեղձ, կամ սալոր, կամ այլ մրգեր վաճառել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG