Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերիս համար եղերական այդ իրողության մասին նկարահանվել ու նկարահանվում են ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմեր թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնում իրականացվող ծրագրերի շրջանակում, օրինակ, Վիգեն Չալդրանյանը նկարահանում է Կոմիտասին նվիրված գեղարվեստական ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի տարեվերջին:
«Ազատության» հետ զրույցում կինոգետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը փոխանցեց․ - «Ներկայումս Միացյալ Նահանգներում Էրիկ Նազարյանը նկարահանում է Ցեղասպանության մասին երևի լավագույն գեղարվեստական գործերից մեկը՝ Քրիս Բոհջալյանի «Ավազամրոցի աղջիկները» վեպը»:
Կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյանի կարծիքով, սակայն, այն, ինչ արվում է բավարար չէ․ - «Այո, իրոք արվում է, բայց դա այնքան քիչ է, դա մի կաթիլ է օվկիանոսում»:
Գալստյանի ձևակերպմամբ՝ այս հարցի շուրջ արվեստում մեծ լռություն է տիրում, որը խախտվում է մեծ ընդհատումներով: Նրա համոզմամբ, անգամ խորհրդային տարիներին այդ ուղղությամբ քիչ բան չի արվել: Հարցին, թե ինչու նորանկախ Հայաստանում այդ թեմայով քիչ ֆիլմեր են նկարահանվել, Սիրանուշ Գալստանը արձագանքեց․ - «Անկախության տարիներին պիտի նորացվեր նաև ինքնին թեմային դիտարկումը: Եվ կինոնկարահանման ձևերը և մոտեցումները: Հոլոքոսթի թեմայով հազարավոր ֆիլմեր կան նկարված, և իհարկե բոլորը չէ, որ արվեստի գործ են: Այսինքն իրենք այդքան խիստ չեն, այդքան սնոբ իրենց չեն դրսևորում, որքան մենք: Իհարկե, ուզում ենք, որ որակ լինի: Դա չի քննարկվում: Մեզ պետք է որակ, մեզ պետք են այնպիսի ֆիլմեր, որ ցնցեն մարդկանց գիտակցությունը․․․ Ինձ հայտնի չի մինչև 2014 թիվը նկարահանված որևէ ֆիլմ, որ այդ թեմայով նկարված լինի»:
Արծվի Բախչինյանը թվարկեց խորհրդային տարիների ֆիլմերը՝ Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու», «Ինչու է աղմկում գետը», «Նահապետը», Չալդրանյանի «Ապրիլը»: Նա նշեց նաև վերջին տարիներին նկարահանված Ատոմ Էգոյանի «Արարատը», Պավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»:
Իսկ Հայաստանում վերջին տարիների լռությունը այս թեմայով Բախչինյանն այսպես բացատրեց․ - «Այն պարզ ճշմարտությունը նորից հիշեցնեմ․ մենք մեր ցավի մասին գեղարվեստական լեզվով չենք կարող խոսել, որովհետև շատ սուբյեկտիվ պատճառներ կան․․․ ինքդ քո ձեռքով բեմադրես քո նախնիների սպանության, բռնաբանության, այրելու տեսարաններ, դա շատ բարդ թե՛ հոգեբանական, թե՛ գեղարվեստական առաջադրանք է: Եթե օտարները անում են, անկախ նրանից, թե ինչպես են անում, ստացվում է մելոդրամա՝ «Մայրիկի» դեպքում, արտհաուս ֆիլմ՝ «Արարատի» դեպքում, թե վեսթերնի տարրերով ֆիլմ, ինչպիսին Ֆաթիհ Աքինի «Սպին» էր, դարձյալ երախտագիտության զգացումով պիտի ընդունենք: Որովհետև մենք ոչինչ չենք անում, որովհետև չենք կարող անել: Ֆինանսական կողմն էլ պակաս կարևոր չէ»:
Ցեղասպանության մասին խաղարկային լավ ֆիլմ նկարելու համար, կինոգետների համոզմամբ, պիտի տաղանդավոր ռեժիսոր ունենանք:
«Դա պետք է մի այնպիսի տաղանդ հանդես գա, որ հարցին ունենա իր սուբյեկտիվ մոտեցումը, որտեղ առանց չափազանցությունների, առանց ավելորդ զգացմունքայնության, զուսպ ձևի մեջ․․․ Առայժմ մեր ռեժիսորների մեջ չի եղել այդպիսին», - նշեց Արծվի Բախչինյանը: