Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Պատասխանատու ենք բոլորի առջև, ովքեր վտանգված են նույնիսկ մեր օրերում»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Ապրիլի 24-ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին», - Հռոմում հայտարարել է Հայաստանի նախագահը:

«2015 թվականն առանձնահատուկ է հայության համար. լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Իտալիա այցի շրջանակում երեկ երեկոյան ելույթ ունենալով իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքի ժամանակ:

«Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոսթ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան․․․», - ասել է Հայաստանի նախագահը:

«Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 24-ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, և բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչև Իտալիա, ԱՄՆ-ից մինչև Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեցիների զանգերը առանձնապես բարձր են հնչելու, կամ գոնե մեզ այդպես է թվալու», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Այո՛, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա: Մենք պարտավորություն ունենք նրանց առաջ, ովքեր զոհ են գնացել այդ արհավիրքներին և նրանց առաջ, ովքեր վերապրել են այդ սարսափները: Մենք պատասխանատու ենք այն բոլոր մարդկանց առջև, ովքեր վտանգված են նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում», - հայտարարել է նախագահը:

«Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետևանքն են հենց ամենաթողության, անպատժելիության», - շեշտել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա և մահմեդական, հրեա և գերմանացի, հայ և թուրք, հութու և թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների և դրանք ժխտողների միջև»:

«Իտալիան, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, նույնպես միացել է այս արհավիրքի դեմ պայքարին: Խոսքս Իտալիայի կողմից ցեղասպանությունների, այդ թվում՝ Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին է: Բարձր ենք գնահատում, որ առանձին իտալական քաղաքներ և նահանգներ, այդ թվում՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, իսկ այս մարտ ամսին նաև Տոսկանան նույնպես ճանաչել և դատապարտել են այս ծանրագույն ոճրագործությունը։ Վստահ ենք՝ Իտալիայի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ մենք մեկ քայլ առաջ կշարժվենք այդ հանցագործությունների դեմ պայքարում», - ասել է Հայաստանի նախագահը:

Հայ - իտալական հարաբերությունների առնչությամբ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական ակտիվ երկխոսությունից մինչև համագործակցություն կրթության, մշակույթի, տնտեսության, ու նաև ռազմական ոլորտներում: Պարբերաբար իրականացվում են բարձրաստիճան այցեր, առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Այս ամենը, անշուշտ, վկայում է հայ - իտալական հարաբերությունների կարևոր նշանակության մասին»։

Նշելով, որ երկկողմ հարաբերություններում կարևորագույն բաղադրիչ է խորհրդարանական համագործակցությունը, Հայաստանի նախագահը իտալացի պատգամավորներին ասել է․ - «Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ձեր հայ գործընկերների հետ ակտիվ երկխոսություն ծավալեք և այցեր կատարեք Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, հարստացնելով հայ - իտալական համագործակցության օրակարգը»:

«Ի դեպ, տարեցտարի աճում է այն պատգամավորների թիվը, ովքեր եվրոպական երկրների խորհրդարաններից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից, Արցախ են այցելում և տեղում ճիշտ տեղեկատվություն ստանում խնդրի մասին», - նշել է Սարգսյանը և հավելել․ - «Կարծում եմ՝ սա պայմանավորված է նրանով, որ մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են օբյեկտիվ, իրականությունն արտահայտող տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ՝ հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն իսկ կայացած իրողություն է՝ պետություն, որի զարգացման հիմքում անխախտ դրված են ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Այս մասին արձանագրում են միջազգային հեղինակավոր կառույցները, և սա միայն իմ գնահատականը չէ»։

Հայաստան - Եվրոպական միություն կապերի վերաբերյալ էլ Սերժ Սարգսյանը, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է․ - «Մենք բնական գործընկերներ ենք, քանզի մեր գործընկերությունն առաջին հերթին հիմնված է արժեքների վրա. հայերն ու հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության մասնիկն են, իսկ մեր պետությունը հանձնառու է առաջ մղելու այդ արժեքները: Առաջիկայում՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձևավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Միաժամանակ, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ և այդ կառույցում ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, մենք կարող ենք կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG