Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլի Գեորգիևսկի պալատում հանդիպել է երկրի Զինված ուժերի, Ներքին գործերի նախարարության, Անվտանգության ծառայության և Դատախազության բարձրաստիճան զինվորականներին ու քննարկել անվտանգության ամրապնդման հարցերը։
Կրեմլի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել սպաներին պաշտոնների նշանակելու և զինվորական աստիճաններ շնորհելու կապակցությամբ։
Պուտինը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին՝ ասելով, որ «Դոնբասի ողբերգությունը ինքնիշխան երկրի գործերին միջամտելու արդյունք է»։
Ռուսաստանի նախագահը որևէ երկրի անուն այդ կապակցությամբ չի նշել և ընդամենն ասել է, թե որոշ պետություններ քաղաքականությունը վարում են հարձակողական բնույթի կանխարգելիչ գործողությունների ճանապարհով:
Դրա արդյունքում Ռուսաստանի համար ռազմավարական նշանակության շրջաններում աճում է կոնֆլիկտային պոտենցիալը, ասել է Պուտինը։
Նա հավաստիացրել է բարձրաստիճան զինվորականներին, որ երկրի ռազմական շինարարությունը և պաշտպանունակության ամրապնդումը համակարգային եղանակով և հետևողական կշարունակվի, ինչը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի զարգացման, միլիոնավոր քաղաքացիների խաղաղ կյանքի համար։
Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարն ասել է, որ անցած տարում տեղի են ունեցել տարբեր աստիճանի ավելի քան 3․5 հազար զորավարժություններ։ Նրա խոսքերով՝ 2015-ին դա կշարունակվի:
«Այս տարվա ստուգումները կներառեն բոլոր զինտարածքները, զորատեսակները», - ասել է Վլադիմիր Պուտինը։